06/07/2022 14:49
Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և ՊՆ-ում սպայական պաշտոնի նշանակված սպան Երևանում 3 սենյականոց բնակարան կստանա
Հայաստանում ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և Պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպան Երևանում կստանա 3 սենյականոց բնակարան, նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Այս հնարավորությունից կարող են օգտվել նաև իգական սեռի ներկայացուցիչները:
«Նախատեսվում է ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և ՊՆ համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանել բնակարանային ապահովության նոր տեսակ՝ անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք: Կարծում ենք, որ առաջարկվող բնակարանային ապահովությունը կխթանի և առավել գրավիչ կդարձնի ռազմաուսումնական հաստատություններում սովորելու միջոցով բազային ռազմական կրթություն ստանալու և կադրային զինվորական ծառայություն ընտրելու գործընթացը», - նշեց նախարարը:
Առաջարկվող բնակարանային ապահովությունը ենթադրում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին, ուսումնառությունն ավարտելուց հետո, անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացում, իսկ 20 տարվա զինվորական ծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին անհատույց սեփականության իրավունքով տրամադրում:
«Բացի այդ, նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի զինվորական ծառայության հետ պատճառական կապով, այն է՝ զոհվելու դեպքում, զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է նրա ընտանիքի անդամներին: Բնակարաններն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու կարգը և պայմանները սահմանվելու են կառավարության որոշմամբ», - ասաց Պապիկյանը:
Ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 20 տարի, որում ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատված: Սահմանվում է նաև, որ առաջարկվող կարգով բնակարան ստացած զինծառայողների վրա չեն տարածվում ծառայության ընթացքում արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման և զոհված, մահացած կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակառու ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների համար նախատեսված բնակարանային ապահովությունը:
«Սա ենթադրում է, որ զինծառայողը Երևան քաղաքում կստանա 3 սենյականոց բնակարան, որի առավելագույն արժեքը 28.5 մլն դրամ է սահմանված: Սա ենթադրելու է, որ այս տարվա ընդունվողները արդեն 2026 թվականին ավարտելուց անմիջապես հետո կստանան իրենց բնակարանները և կտնօրինեն մինչև ծառայության ավարտն ամեն կերպ՝ բացառությամբ այն վաճառելու իրավունքը: Որ պահին նրանց 20-ամյա ծառայությունը կդադարեցվի և, եթե պատճառը վերը նշված պատճառները չեն, ապա նրանցից բնակարանը հետ կվերցվի, և դա կգտնվի ՊՆ բալանսում: Սպան սեփականության իրավունքը կստանա 20 տարվա զինվորական ծառայությունից անմիջապես հետո, այն ժամանակ արդեն կարող է վաճառել: Սպան կարող է բնակարանը հանձնել վարձակալության», - մանրամասնեց Պապիկյանը:
Եթե գործընթացն ընթանա կառավարության պատկերացումներով, ապա, ըստ նախարարի, պետության ծախսը կկազմի տարեկան 12.5 մլրդ դրամ: Գնման գործընթացի մեկնարկը պետք է սկսվի 2023 թվականից: