06/07/2022 09:45
«Հրապարակ». Արտյոմ Վանեցյանը 2019թ. պաշտպանության նախարարին դիմում է գրել` խնդրելով, որ կրկին բժշկական փորձաքննություն նշանակեն և թույլ տան ծառայել հայկական բանակում
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս համացանցում հրապարակումներ և գրառումներ եղան, որ Արթուր Վանեցյանի ավագ որդին, որը զորակոչային տարիքի է, չի ծառայել` խուսափել է հայկական բանակում պարտադիր զինծառայությունից: Բնականաբար, հեղինակները պնդում էին, որ Արթուր Վանեցյանն է որդուն ազատել բանակից` օգտագործելով իր կապերը:
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես է Արտյոմ Վանեցյանին հաջողվել խուսափել բանակից` ինչ հիմքով և ինչ ժամկետով: Նա մեզ պատմեց, որ երբ եկել է զորակոչի ժամանակը, ինչպես զորակոչի ենթակա բոլոր մյուս երիտասարդները, անցել է բժշկական հետազոտություն, և անսպասելիորեն հայտնաբերվել է առողջական ինչ-որ խնդիր, որի պայմաններում զորակոչի ենթակա անձն ազատվում է զինծառայությունից` ճանաչվում է ոչ պիտանի պարտադիր զինվորական ծառայության համար: Իհարկե, զինծառայությունից ազատվում է կարճաժամկետ․ մի քանի տարի անց, զորակոչից ազատված անձը կրկին բուժզննություն է անցնում, և եթե պարզվում է, որ առողջական խնդիրը վերացել է, նրան զորակոչում են:
Սակայն, ուշագրավն այն է, որ այս ախտորոշումն ու զինծառայության ոչ պիտանի լինելու հանգամանքը Արտյոմ Վանեցյանը շատ ծանր է տարել և 2019 թվականին պաշտպանության նախարարին դիմում է գրել` խնդրելով, որ կրկին բժշկական փորձաքննություն նշանակեն` իր հետ կապված, և թույլ տան ծառայել հայկական բանակում: Սակայն, դիմումը մերժվել է: Իսկ այդ շրջանում, երբ նրան ազատել են զինծառայությունից, Արթուր Վանեցյանն արդեն մի քանի ամիս պաշտոն չուներ ու սուր քննադատության էր ենթարկում իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին։ Այնպես որ, չէր կարող որևէ կերպ ազդել փորձաքննության և բժշկական հանձնաժողովի եզրակացության վրա: Արտյոմը մեզ տրամադրեց նաև դիմումի պատճենը»։