06/07/2022 19:02
«Թուրքիան շարւնակում է կարգավորման գործընթացը դիտարկել որպես Հայաստանից հավելյալ զիջումներ կորզելու միջոց․ այդ զիջումները վերաբերում են նաև Արցախի խնդրին»․ Արցախի ԱԳ նախկին նախարար
Այն, որ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի կողմերը հնարավորինս սեղմ ժամկետում ցամաքային սահմանը հատելու հնարավորություն են ապահովելու երրորդ երկրների քաղաքացիների համար, դրա տակ կարելի է շատ այլ բաներ հասկանալ, որովհետեւ այն բացատրությունները, որոնք տրվում են, չեմ կարծում, որ բավարար են, News.am-ին տված հարցազրույցում ասել է Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը:
«Սա հետաքրքիր զարգացում էր, որովհետեւ, որքանով ես տեղյակ եմ, բանակցությունների բուն նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բնականոնացումն էր, ոչ թե երրորդ երկրների քաղաքացիների, այսպես ասած, տրանզիտի ապահովորումը հայ-թուրքական սահմանով: Այսպիսի մի արտահայտություն կա՝ սարը մուկ ծնեց:
Սա նոր բան չէ, տարբեր ժամանակներում տարբեր առաջարկներ են եղել, որ քանի որ սահմանը փակ է, եկեք հանուն տարածաշրջանում տուրիզմի ներուժի զարգացման, թույլ տանք այն մարդկանց, որոնք գալիս են Հայաստան կամ Թուրքիա, հնարավորություն ունենան հատել սահմանը եւ այցելել այն տարածքներ, որոնք հետաքրքիր են տուրիզմի տեսանկյունից»,-ասել է Կարեն Միրզոյանը։
Ինչ վերաբերում է օդային ճանապարհով բեռնափոխադրումների վերաբերյալ կողմերի պայմանավորվածությանը, ապա դա, ըստ Արցախի ԱԳ նախկին նախարարի, լուրջ փոփոխություն չէ։
«Չեմ կարծում, թե դա լուրջ մի փոփոխություն է, որը կնպաստի հայ-թուրքական առեւտրաշրջանառությանը: Որքանով ես եմ հասկանում, դա ընդամենը թեթեւացնելու է այսպես կոչված ճամպրուկային բեռնափոխադրողների կյանքը, բայց որեւէ լուրջ ներդրում մեր հարաբերությունների զարգացման վրա, ես չեմ կարծում, որ կունենա»,- ասել է նա։
Դիտարկմանը, որ այն փաստը, որ Թուրքիան սահմանը չի բացում, տեղիք է տալիս մտածելու, որ Թուրքիայի նպատակներն այլ են, Կարեն Միրզոյանն արձագանքել է. «Իհարկե, եւ նման մտահոգություն հնչեցվել է մեր բանագնացի կողմից: Դա շատ լավ է, որ մարդիկ դա գիտակցում են: Ես կարծում եմ, որ սահմանի մասնակի բացումը զավեշտ է: Դա նման է նրան, որ մեկն ասի՝ ես կիսով չափ հղի եմ: Սահմանը կամ բաց է լինում, կամ չի լինում: Հնարավոր է, որ սահմանը բացելու համար, հաշվի առնելով ինչ-ինչ հանգամանքներ, կողմերը պայմանավորվեն, որ աստիճանաբար են գնում այդ քայլին: Այս փուլում, ասենք, թույլ ենք տալիս այսինչ խմբի մարդկանց տեղաշարժը, մյուս փուլում, ասենք, բեռներ փոխադրողներին կամ դիվանագետներին: Բայց պետք է դու միշտ նպատակ ունենաս եւ ասես, որ ուզում ես հասնել սահմանի լիակատար բացմանը: Այնպես որ, այն էյֆորիան, որն այս պայմանավորվածությունների շուրջ կա, իմ կարծիքով, մի փոքր չափազանցված է եւ տեղին չէ:
Ընդհակառակը, Թուրքիայի պետական այրերի հայտարարությունները թույլ են տալիս պնդել, որ Թուրքիան շարւնակում է դիտարկել այս գործընթացը որպես հավելյալ միջոց Հայաստանից զիջումներ կորզելու համար: Եվ այդ զիջումները վերաբերում են ոչ միայն երկկողմ օրակարգին, այլեւ հայ-ադրբեջանական հարաբերություններին, Արցախի խնդրին եւ ընդհանրապես տարածաշրջանային անվտանգության համակարգին»։
Կարեն Միրզոյանը հավելել է, որ հայ-թուրքական բանակցությունների վերաբերյալ հրապարակային հայտարարությունները չեն համընկնում հռչակված նպատակի հետ, որ գնում ենք առանց նախապայմանների բանակցությունների, որի վերջնարդյունքը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացումն է:
«Թուրքական կողմից հնչում են հայտարարություններ, որ բոլոր քայլերը համաձայնեցված են Ադրբեջանի հետ, երբեք հակառակ չեն գնա Ադրբեջանի շահերին: Ընդհանրապես, թուրքական կողմը երբեմն թույլ է տալիս դիվանագիտական էթիկետից դուրս քայլեր․ օրինակ, Չավուշօղլուն իրեն վերջերս թույլ տվեց գնահատական տալ մեր ընդդիմությանը: Դա ուղղակի միջամտություն է Հայաստանի սուվերեն ներքին գործերին: Նման հայտարարություններն անընդունելի են»,-ընդգծել է Միրզոյանը։