06/07/2022 17:54
Իշխանության ղեկին եղած թիմի բոլոր գործողությունները տանում են բանակի կազմաքանդմանը. Կարեն Վրթանեսյան
Հաշվի առնելով, թե ովքեր են այժմ իշխանության ղեկին՝ ես որևէ լավ սպասում չունեմ։ Չեմ կարծում, որ իշխանության ղեկին եղած թիմն ընդհանրապես նպատակ ունի բանակում ինչ-որ բան դեպի լավը փոխել․ ընդհակառակը, նրանց բոլոր գործողությունները տանում են բանակի կազմաքանդմանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Ռազմական և Ավիացիոն համալսարանների միավորման և ռազմական ակադեմիա ստեղծելու գաղափարին։
«Սա փաստացի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի կողմից մինչև 2018 թվականը մշակված և պլանավորված ռեֆորմն է, որը 4 տարի հետաձգելով՝ այժմ սկսել են իրագործել»,- ասաց մեր զրուցակիցը։
Կարեն Վրթանեսյանը միաժամանակ նկատեց՝ ոչ կողմ, ոչ էլ դեմ է ռազմական կրթություն իրականացնող երկու հաստատությունները միավորելու նախագծին, քանի որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես տեղի կունենա բուն միավորումը։
«Այսինքն՝ կարևոր է, թե ինչն ինչպես է արվելու։ Միավորումը կարող է հազար տեսակ լինել։ Կախված նրանից՝ ինչպես է արվելու, արդյունքը կարող է դրական լինել կամ բացասական։
Բայց այդ մանրամասները չեն հայտարարվում, բանակում ընթացող գործընթացների վերաբերյալ հանրությունը չի տեղեկանում. իրենք իրենցով անում են, փչացնում են, ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան չի ստացվում, և այն, ինչը կոչվում է բարեփոխում, կարող է «չարեփոխում» դառնալ»,- ասաց ռազմական փորձագետը։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ-ում հայտարարել էր՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն անցնում է բարեփոխումների փուլ։
«Ռազմաավիացիոն համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միատեղումով ստեղծում ենք ռազմական ակադեմիա, որը ենթադրելու է, որ այնտեղ ունենալու ենք ամբիոններ և համապատասխան ֆակուլտետներ նաև սահմանապահ զորքերի ուսուցման համար», - նշել էր Պապիկյանը: