06/07/2022 15:45
Գլխավոր շտաբի պետը կդառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բայց չի հանդիսանա նախարարին փոխարինող պաշտոնատար անձ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ի պաշտոնե կհանդիսանա Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Նա նշեց, թե նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները՝ նպատակ ունենալով հստակ ամրագրել Սահմանադրության մի շարք հոդվածներով կառավարությանը վերապահված իրավասությունները՝ ի դեմս ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան ՀՀ տարածքից դուրս Զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության, ռազմական դրություն հայտարարելու, պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին ԱԺ-ին առաջարկ ներկայացնելու, ԱԺ նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու, ինչպես նաև ԶՈՒ գործունեությունն ապահովող ուղղություններով որոշումների ընդունման:
Առանձին խմբավորվում և սահմանվում են զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ոլորտում իրավասությունները՝ նպատակ ունենալով դրանց հաղորդել համակարգային բնույթ:
Անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ և ծրագրեր ներառվում են ՀՀ պաշտպանության պլանում՝ որպես Սահմանադրությամբ սահմանված պաշտպանության ոլորտի հիմնական ուղղությունները ներառող մեկ միասնական փաստաթուղթ:
«Խմբագրվում և հստակեցվում է Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի ու Պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը՝ այդ առումով ԶՈՒ ապահովումների գործընթացում Պաշտպանության նախարարությանը վերապահելով բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման և կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, ԶՈՒ կարիքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը: ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե նախատեսվում է որպես Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը, սակայն չի հանդիսանալու նախարարին փոխարինող պաշտոնատար անձ, ինչպես նաև այդ կապակցությամբ համապատասխան առանձնահատուկ կարգավորումներ են կատարվում նաև պետական կառավարման համակարգը կանոնակարգող մի շարք այլ օրենքներում», - ասաց Սուրեն Պապիկյանը:
Նախարարի խոսքով՝ առաջարկության նպատակն է բարձրացնել ղեկավարման արդյունավետությունը:
Աշխարհազորի համակարգի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, Գլխավոր շտաբի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի փոխարեն աշխարհազորի անմիջական ղեկավարման գործառույթը վերապահվում է ԶՈՒ գլխավոր շտաբի տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարությանը: Ամրագրումների գործընթացի հստակեցման նպատակով սահմանվում է, որ ամրագրման ենթակա են զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպություններում աշխատող, այն պաշտոններ զբաղեցնող և մասնագիտություններ ունեցող աշխատողները, որոնց գործունեությունը չի կարող դադարեցվել համապատասխան կազմակերպության բնականոն գործունեությունն ապահովելու համար:
Հստակեցվում է զորահավաքային զորակոչի ոչ ենթակա զինապարտների շրջանակը: