06/07/2022 15:00
Արտերկրում սովորած և ՀՀ-ում ծառայության անցած ո՞ր սպաները կարող են Երևանում բնակարան ստանալ. Պարզաբանում է նախարարը
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր պարզաբանեց, թե արտերկրի ռազմաուսումնական հաստատությունում սովորած և Հայաստանում զինծառայության անցած որ սպաները կարող են օգտվել պետությունից 3 սենյականոց բնակարան ստանալու հնարավորությունից:
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հետաքրքրվեց՝ եթե անձը արտերկրում է սովորել, ավարտելուց հետո եկել է Հայաստան, ցանկանում է զինվորական ծառայությունը շարունակել այստեղ, կարո՞ղ է օգտվել այդ հնարավորությունից:
«Այո, եթե դա Հայաստանի պատկան խողովակներով է տեղի ունեցել: Մենք ունենք գործընկեր երկրներ, որոնց ռազմական ուսումնական հաստատություններում մեր երիտասարդներն ուսանելու հնարավորություն ունեն, դրա համար պատշաճ կազմակերպում են քննություններ, այլ գործընթաց կա: Եթե, օրինակ, ուսանել են Հունաստանում, ՌԴ-ում կամ մեկ այլ երկրում, որոնց հետ համագործակցում ենք, բնականաբար, վերաբերում է նաև իրենց», - արձագանքեց Պապիկյանը:
Նախարարի խոսքով, օրինակ, վերոնշյալ դեպքում ՌԴ-ի X ռազմաուսումնական հաստատությունում սովորելու համար գործում է հատուկ կարգ, քննություններ են հանձնում, մեկնում:
«Հայաստանը դրա համար վճարում է կամ օգտվում է այն արտոնյալ տեղերից, որ տվել է ՌԴ-ն կամ, օրինակ, Հունաստանը: Այդ ուսանողները հավասարեցված են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, Ռազմաավիացիոն համալսարանում սովորող ուսանողներին: Բայց, եթե անձը ապրում է, օրինակ, Հունաստանում կամ Բուլղարիայում և սովորել է տեղի ռազմաուսումնական հաստատությունում, ապա սա իրեն չի վերաբերում», - մանրամասնեց Պաշտպանության նախարարը: