06/07/2022 15:31
Ինչու են «պաշտպանությամբ անհանգստացած ընդդիմադիրները» բացակայում Պաշտպանության մասին օրենքի քննարկումից. Անդրանիկ Քոչարյանը փորձեց «լույս սփռել»
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փորձեց «լույս սփռել», թե ինչու են «պաշտպանությամբ անհանգստացած ընդդիմադիրներն» այսօր բացակայում Պաշտպանության մասին օրենքի քննարկումից:
Քոչարյանը հայտարարեց, թե կարևոր էր, որ ընդդիմադիրները ներկա լինեին ՊՆ-ի ներկայացրած կարևոր երկու նախագծերի քննարկմանը:
«Ժամանակին, երբ որ հանձնաժողովի նիստեր էր, իրենք, այնուամենայնիվ, ակտիվ էին մինչև փողոց տեղափոխվելը: Ես կարծում եմ՝ իրենք պետք վերադառնային, ես դիմել եմ, իրենք չեն եկել, ու հիմա զբաղվել իրենց փնտրտուքով՝ իմաստ չունի, մենք շարժվում ենք մեր երկրի առջև կանգնած անվտանգային խնդիրների լուծման օրակարգ ձևավորելով», - ԱԺ նիստի ժամանակ ասաց Քոչարյանը:
Վերջինս ՊՆ-ի ներկայացրած նախագիծը «դասեր քաղելու օրինագիծ» համարեց:
«Դասեր ինչ առումով՝ քառօրյա պատերազմ, 44-օրյա պատերազմ, լուրջ ուսումնասիրություններ, վերլուծություններ՝ մեր բացթողումների ու կառավարման համակարգի մասին: Ի՞նչ ենք տեսել քննիչ հանձնաժողովում 2016 թվականի ուսումնասիրման արդյունքում, եզրակացության մեջ նշված էր՝ կառավարման բովանդակության իսպառ խզում՝ Պաշտպանության նախարարություն-նախարար-Գլխավոր շտաբ անհամատեղելիություն, ու նույն բանը տեղափոխվեց նաև 44-օրյա պատերազմ», - հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը:
ՔՊ-ական պատգամավորը վերջում անդրադարձավ Իշխան Սաղաթելյանին, հիշեց, որ իրեն անվանել է «ծերունի ու մի բան էլ կողքից է ավելացրել»:
«Ես իրեն չեմ պիտակավորի, պարզապես կհիշեցնեմ, որ 1990-ականներին, երբ որ մենք բանակը նոր էինք ձևավորում, ծերունի չէինք, ես հիմա էլ ինձ ծերունի չեմ համարում», - նշեց Քոչարյանը: