08/07/2022 19:30
«Կապիկի ծաղիկ» հիշեցնող ախտանշաններ. Ինչպե՞ս տարանջատել
Վերջին շրջանում աշխարհում շատ քննարկված ու դեռևս տարածվող «Կապիկի ծաղիկ» կոչվող հիվանդությունն աչքի է ընկնում մի շարք ախտանշաններով, որոնք ծանոթ են շատերիս՝ այլ հիվանդությունների համատեքստում։
Արտաքին դրսևորումներով կապիկի ծաղիկը կարելի է հեշտությամբ շփոթել ջրծաղիկի, հերպեսի, սիֆիլիսի և կոնտագիոզային կակղամորթի (մաշկային վիրուսային հիվանդություն) հետ։
Այս հիվանդությունների ընթացքում նկատվող ախտանշաններ՝
հիվանդության գաղտնի շրջանի առկայություն
ջերմության բարձրացում և տենդ
ցան ամբողջ մարմնով, կամ որոշակի տեղայնացումով
արտահայտված թուլություն, գլխապտույտ և գլխացավ
մկանացավ, սրտխառնոց և այլն
Մասնագետները նշում են, որ այստեղ կարևորը հիվանդության ժամանակին ու ճշգրիտ ախտորոշումն է. Ցանը կարող է քիչ թե շատ տարածված լինել մարմնի տարբեր հատվածներում, բացի այդ կարող են բորբոքվել ու ցավել ավշային հանգույցները և, որպես կանոն, կնկատվի ջերմության բարձրացում։ Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ նորածինների, երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում:
Հիվանդության թեթև ընթացքի դեպքում դրա կրողը կարող է կապիկի ծաղիկի գաղտնի տարածող լինել։ Ծաղիկի մաշկային և անգամ ընդհանուր դրսևորումները կարող են թույլ արտահայտված լինել, և այդ դեպքում վարակվածը կարող է շարունակել տարածել այն։ Սա է պատճառը, որ մասնագետի կողմից բուժառուի պարտադիր ու մանրակրկիտ բուժզննումը ոչ միայն ժամանակին ախտորոշման, այլև հետագա տարածման կանխարգելման գրավականն է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։