08/07/2022 18:50
Մանկական ուղեղային կաթվածի դեպքում ինտելեկտուալ խնդիրները պարտադիր չեն. հիվանդության ախտանշանները, բուժումը
Մանկական ուղեղային կաթվածը երեխաների հաշմանդամության ամենատարածված տեսակներից է։ Հիվանդության դեպքում ախտահարում են գլխուղեղի շարժողական գոտիները, ենթակեղևային կառույցները։ Հիվանդությունը սովորաբար առաջանում է գլխուղեղի որևէ հատվածի վնասման հետևանքով։
Հիվանդությունն արտահայտվում է շարժողական խանգարումներով, ակամա շարժումներով, հատուկ կեցվածքով։ Մանկական ուղեղային կաթվածի դեպքում հնարավոր են շլություն, լսողական խնդիրներ, անկանոն շարժումներ, ֆիզիկական զարգացման հապաղում։ Հիվանդության հիմնական դրսևորումներից է մկանային լարվածությունը՝ մկանային կծկման գերաստիճան՝ ազատ շարժողականության խանգարում, կաշկանդում։ Ախտանշանները սովորաբար դրսևորվում են մինչև 3 տարեկանը։
Պատճառները՝
Հիվանդության առաջացման հիմնական մեղավորները վիրուսները, ինֆեկցիաներն են ներարգանդային կյանքում։ Ռիկսի գործոն է նաև վաղաժամ ծննդաբերությունը՝ 37 շաբաթականից ցածրը, առավել խոցելի են 32 շաբաթական և ավելի ցածր ժամանակահատվածում ծնված երեխաները, ցածր քաշը (2.5 կգ-ից ցածր) ևս գործոն է։ Ռեզուսային կոնֆլիկտը, արյան անհամատեղելիության դեպքերը ևս գործոն են (արտահայտվում են բիլիռուբինի բարձրացմամբ, որ գլխուղեղի համար ունի տոքսիկ ազդեցություն): Հիվանդությունը ժառանգական ծագում չունի։
Վաղ մանկական փուլում՝ մինչև մեկ տարեկան հասակը կան ահազանգող նշաններ. ուշանում է երեխայի ֆիզիկական զարգացումը (գլուխը պահելը, նստելը, չորեքթաթ շարժվելը, քայլելը):
Սոցիալական ոլորտի զարգացման հապաղում (երեխան պետք է հետաքրքրվի իրեն շրջապատող միջավայրով, ուսումնասիրի խաղալիքները):
Մտավոր ֆունկցիաների զարգացման հապաղում՝ վաղ մանկական շրջանում մտավոր զարգացման հիմնական դրսևորումը խաղն է
Հիվանդության դասակարգումը պայմանավորվում է գլխուղեղի վնասման զոնաներով։
Եթե ախտահարվում է ուղեղի կենտրոնական գոտին, ապա դրսևորվում են սպաստիկ ախտահարումներ, եթե ենթակեղևային կառույցները՝ ակամա շարժումներ, եթե ուղեղիկն է ախտահարվում՝ բալանսի, կորդինացիայի խանգարումներ։
Դասակարգում արվում է նաև վերջույթների ներգրավվածության աստիճանի հիմամբ՝ հնարավոր է մեկ վերջույթի ախտահարում, չորս, երեք, ավելի հաճախ դրսևորվում է հեմիպարեզ՝ մարմնի մի կեսի ախտահարում։ Հաճախ լինում են զուգակցված ախտահարումներ։
Վերականգնողական բուժումը ենթադրում է բազմամասնագիտական մոտեցում, վերականգնողաբանի հիմնական առաքելությունը հաշմանդամություն ունեցողի առողջության, կյանքի որակի բարելավումն է, երկրորդային բարդությունների կանխարգելումը։ Կարևոր է ընտանիքում պատրաստ լինել շարունակական, երկարատև բուժման։ Թերապիաներին զուգահեռ խիստ կարևոր է նյարդաբանների, օրթոպեդների հսկողությունը։
Վերականգնողական ծառայության հիմնական նպատակը երեխային առավելագույն ինքնուրույնության հասցնելն է։ Եթե երեխան դժվարանում է քայել 100 մետր տարածություն, չի կարելի ստիպել, տանջել, անհրաժեշտության դեպքում պետք է օգտագործել անվասայլակ՝ չխոչընդոտելու երեխայի ինտեգրման գործընթացը։
Մանկական ուղեղային կաթվածի դեպքում ինտելեկտուալ խնդիրներ պարտադիր չեն, հիվանդությունը չի դասվում ինտելեկտուալ հաշմանդամությունների կարգին, ավելին՝ հնարավոր է, որ մանկական ուղեղային կաթված ունեցող երեխան առանձնանա ինտելեկտուալ կարողություններով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։