08/07/2022 19:50
Ինչպե՞ս կանխել սնկային վարակների առաջացումը. Պարզ խորհուրդներ մաշկաբանից
«Սնկային վարակը մաշկի, եղունգների, լորձաթաղանթների, ներքին օրգանների վնասումն է, որն առաջանում է պաթոգեն սնկերի կողմից: Օրգանիզմի պաշտպանունակության նվազմամբ, իմունային անբավարարության վիճակներով կարող են զարգանալ պատեհապաշտ սնկային վարակներ։ Դրանք առաջանում են մարմնում մշտապես առկա սնկերի աճի և վերարտադրության պատճառով», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-մաշկաբան Լիա Դանիելյանը:
Սնկերը ինտենսիվորեն բազմանում են տաք և խոնավ պայմաններում, ինչը հանգեցնում է նրանց հաճախակի տեղայնացմանը մատների, ոտքերի մաշկի վրա, մաշկի ծալքերում և եղունգներում։
Մաշկի, լորձաթաղանթների սնկային վնասվածքները կարող են դրսևորվել հետևյալ ախտանիշներով՝
մաշկի կարմրություն և ցան
քորի առաջացում, այրում
մաշկի վրա փոքր բշտիկների առաջացում
մազերի կորուստ տուժած տարածքներում
Եղունգների սնկային վարակի ախտանիշներն են՝
եղունգների թիթեղների փխրունություն
եղունգների ձևի աղավաղում
փայլի կորուստ, եղունգների գունաթափում (մգացում կամ դեղնում)
ցավ եղունգների տարածքում
Բարենպաստ պայմաններում սնկերը սկսում են ակտիվորեն բազմանալ, ինչը հանգեցնում է սնկային վարակի զարգացմանը։
Սնկային հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոնները ներառում են՝
շրջակա միջավայրի տաք և խոնավ պայմաններ
անձնական հիգիենայի կանոնների անտեսում
քրտնարտադրության ավելացում
կիպ հագուստ ու կոշիկներ
Հիվանդությունը դրսևորվում է մաշկի կարմրության օջախների, ցաների տեսքով. Դրանք հաճախ զարգանում են իմունային համակարգի ծանր վնասների և մարմնի դիմադրողականության զգալի նվազման ֆոնի վրա, ուստի կանխատեսումը շատ դեպքերում անօգուտ է լինում:
Ռիսկի գոտում են թուլացած իմունային համակարգ ունեցող անձինք, շաքարախտով տառապող հիվանդները։
Լիա Դանիելյանը նշեց, որ սնկային վարակի ախտորոշումը բաղկացած է հիվանդության բնորոշ կլինիկական նշանների հայտնաբերումից, լաբորատոր թեստերի անցկացումից՝ սնկային վարակի հարուցիչի տեսակը պարզելու համար, ինչն էլ պայմանավորում է հետագա բուժումը։
«Սնկային վարակների բուժումը բաղկացած է հակասնկային դեղամիջոցների օգտագործումից: Կախված ծանրությունից, վարակի տեսակից, կարող են նշանակվել դեղամիջոցներ ներարկումների, հաբերի, քսուքների, տեղական օգտագործման լուծույթների տեսքով», - ասաց նա։
Սնկային վարակների կանխարգելման համար մասնագետը խորհուրդ տվեց պահպանել հետևյալ կանոնները
հագնել մաքուր ներքնազգեստ, ամեն օր փոխել գուլպաները
խուսափել թաց հագուստ կրելուց (լողազգեստ, սպորտային հագուստ)
պահպանել անձնական հիգիենայի կանոնները. չօգտագործել այլ մարդկանց սրբիչներ, անկողնային պարագաներ
լողանալուց հետո չորացնել ձեռքերն ու ոտքերը
ոտաբոբիկ չշրջել մարզասրահներում և լողավազաններում
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։