08/07/2022 20:25
Վիտիլիգո մաշկային հիվանդությունը բուժելի է. Առաջացման պատճառները
Վիտիլիգոն ձեռքբերովի քրոնիկական հիվանդություն է: Այս հիվանդության ավելի ցայտուն ախտանիշը մաշկի դեպիգմենտացիան է` արտահայտված սպիտակ բծերով, որոնք հակված են մեծանալու:
Սպիտակ բծերը ավելի հաճախ դրսևորվում են դեմքի, ձեռքերի, ոտքերի, աճուկների շրջանում: Հիվանդությունը հանդիպում է աշխարհի բնակչության 1-2%-ի մոտ և հավասարապես տարածված է ցանկացած մաշկի գույն ունեցող թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում:
Հիվանդությունը ավելի շատ հանդիպում է մինչև 20 տարեկան մարդկանց մոտ։
Վիտիլիգո հիվանդության առաջացման պատճառները լավ ուսումնասիրված չեն, ինչը բարդացնում է դրա բուժումը: Ենթադրվում է, որ այն նյարդաներզատիչ խանգարումների հետևանք է:
Այս հիվանդությունը բնորոշվում է մաշկային ծածկույթի վրա մելանինի անհետացմամբ և տարբեր ձևի ու մեծության սպիտակ բծերի առաջացմամբ: Բծերը մեծանում են, միաձուլվում և առաջացնում կաթնասպիտակավուն մեծ հատվածներ. այդտեղ աճող մազերը նույնպես գունազրկվում են: Այն, ընդհանուր առմամբ, չի ազդում հիվանդի ինքնազգացողության վրա, սակայն վերջինիս սկսում է անհանգստացնել արտաքին տեսքը:
Վիտիլիգոն վարակիչ չէ և շրջապատի համար լիովին անվնաս է: Չնայած սրան հասարակությունը զգուշավոր է նման հիվանդների հետ շփումներում, այդ իսկ պատճառով հիվանդությունն ունեցող մարդիկ հաճախ են բարդույթավորվում։
Վիտիլիգո հիվանդությունը ախտորոշում և բուժում է բժիշկը: Մասնագետները հիվանդությունն ունեցողներին խորհուրդ են տալիս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, որովհետև թուխ մաշկի վրա սպիտակ բծերն ավելի ցայտուն են դառնում, իսկ որոշ բծեր էլ կարող են ինքնուրույն անհետանալ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։