08/07/2022 12:16
Հայաթափված Շուշիում Ռատասի հայտարարությունները հակասում են Էստոնիայի պաշտոնական աջակցությանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ալեն Սիմոնյան
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 8-ին ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության առաջնահերթություններն ու խորհրդարանական դիվանագիտության շրջանակում համագործակցության շարունակականությունը:
«Մենք մշտապես հետեւում ենք Էստոնիայի խորհրդարանի գործունեությանը եւ չափազանց կարեւորում մեզ համար զգայուն հարցերի շուրջ ցանկացած հայտարարություն կամ որեւէ այլ դրսեւորում», - նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
Նա անդրադարձել է Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Յուրի Ռատասի՝ այս տարվա մայիսի 24-ին Շուշի կատարած այցին՝ այն որակելով ծայրահեղ մտահոգիչ:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ հայաթափված Շուշիում պարոն Ռատասի կողմից արված հայտարարությունները ոչ միայն չեն արտացոլում մեր երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների շունչը, այլեւ հակասում են Էստոնիայի պաշտոնական աջակցությանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Նա տեղեկացրել է դեսպանին, որ այդ կապակցությամբ նամակ է հղել Էստոնիայի խորհրդարանի խոսնակին, որում բացատրել է հակամարտության էությունը եւ 2020 թ. աղետալի պատերազմի հետեւանքները: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ էստոնացի գործընկերն առաջիկայում կայցելի Հայաստան եւ տեղում կծանոթանա իրավիճակին, նաեւ կհանդիպի Լեռնային Ղարաբաղը ներկայացնող պաշտոնյաների հետ:
Էստոնիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կընձեռնվի Էստոնիայի խորհրդարանի խոսնակի հետ քննարկելու առաջացած բոլոր հարցերը: Նա ԱԺ նախագահին է փոխանցել Էստոնիայի խորհրդարանի նախագահի պաշտոնական հրավերը, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը կրկնել է էստոնացի գործընկերոջը Հայաստանում տեսնելու ցանկությունը եւ սիրով ընդունել փոխադարձ հրավերը: