08/07/2022 09:40
«Ժողովուրդ». ՊՆ-ում ու ԳՇ-ում շունչները պահած սպասում են, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօրվանից ՀՀ պաշտպանության նախարարությունում սկսվելու է լայնածավալ կադրային ջարդ: Ինչպես հայտնի է`երեկ Ազգային ժողովը 58 կողմ ձայնով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում կառավարության ներկայացրած փոփոխությունների փաթեթը։ Ըստ այդ փոփոխությունների՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:
Եվ, ահա, հենց այս որոշումն է Պաշտպանության նախարարությունում իրավիճակ փոխել: Բանն այն է, որ ինչպես Գլխավոր շտաբում, այնպես էլ նախարարությունում շունչները պահած սպասում են, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում: Փաստ է մեկ բան, որ շատ պաշտոնատար անձինք են ազատվելու, և նոր նշանակումներ են կատարվելու, այնպես որ, առաջիկայում նոր զարգացումներ կլինեն ՀՀ զինված ուժերում, որտեղ սթրեսները պարբերաբար հաջորդում են մեկը մյուսին»։