08/07/2022 14:27
Ելփինի մոտ ադրբեջանցիները դիրքավորվել էին Արտակ Դավթյանի հրամանատարության ժամանակ․ դրանից մի քանի օր անց Փաշինյանը նրան նշանակել է ԳՇ պետ. Էդիկ Բաղդասարյան
Այն հատվածում, որտեղից կրակել են Ելփին գյուղի ուղղությամբ, ադրբեջանցիները դիրքավորվել են 2018 թվականի մայիսին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։
«Այդտեղ այն ժամանակ մեր կորպուսի հրամանատարը Արտակ Դավթյանն էր:
Ադրբեջանցիները չեզոք գոտում իրենց դիրքերն առաջ էին բերել, եւ հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ։ Իսկ միջպետական ճանապարհի Արենի-Ելփին գյուղերի հատվածն հայտնվել է ուղիղ նշանառության տակ: Դրանից մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանն Արտակ Դավթյանին նշանակել է Գլխավոր շտաբի պետ», - գրել է Բաղդասարյանը։
Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։