08/07/2022 17:50
«Հակամարտության կարևորագույն հարցեր դեռևս մնում են չլուծված, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը». ԱՄՆ դեսպանատուն
Հունիսի 23-24-ը պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը՝ ամերիկացի և ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ:
ԳԱԼԱ-ն օրեր առաջ հարցում է ուղարկել Հայաստանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններին՝ խնդրելով մեկնաբանել Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությունը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հարցադրմանը այսպես է արձագանքել.
«Միացյալ Նահանգները ջանում է աջակցել և նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ դրական զարգացումներին։ Միացյալ Նահանգները, ներգրավվելով երկկողմ ձևաչափում ու նույնկերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին լուծելու բոլոր չկարգավորված խնդիրները»:
ԳԱԼԱ-ի հաջորդ հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ինչպիսի՞ հնարավորություններ են տեսնում, և ինչպե՞ս են մեկնաբանում Ադրբեջանի շարունակական սպառնալիքները, թե ուժով կբացեն «Զանգեզուրի միջանցքը», ԱՄՆ դեսպանատնից արձագանքել են.
«Հակամարտության կարևորագույն հարցեր դեռևս մնում են չլուծված, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մենք շարունակում ենք կարծել, որ տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի բանալին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորումն է:
Մենք, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորմանն ուղղված ջանքերում»: