09/07/2022 11:41
Չնայած այն ամբողջ արյանն ու ատելությանը, որը եղել է տարածաշրջանում, Հարավային Կովկասում խաղաղության իրական հնարավորություն կա. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունական «Կաթիմերինի» պարբերականին տված հարցազրույցում ասել է, թե Հարավային Կովկասում խաղաղության իրական հնարավորություն կա։
«Արդյո՞ք լավատես եք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում» հարցին Արարատ Միրզոյանը պատասխանել է.
«2021 թվականի հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված Եռակողմ հայտարարություններին և Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններին համահունչ՝ Հայաստանը կառուցողական երկխոսություն է սկսել Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդհանուր կարգավորման, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման ուղղություններով։
Մենք վերահաստատում ենք բոլոր ուղղություններով կառուցողական ջանքեր գործադրելու մեր հանձնառությունը, և, ցանկանում եմ ընդգծել, որ գործընթացը շատ ավելի հարթ և արդյունավետ կընթանար, եթե Ադրբեջանը զերծ մնար իր վտանգավոր առավելապաշտությունից և հայատյաց հռետորաբանությունից, դադարեր պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ոչնչացնել հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, խոչընդոտել միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, և այլն։
Ընդհանուր առմամբ, մենք կարծում ենք, որ չնայած այն ամբողջ արյանն ու ատելությանը, որը եղել է տարածաշրջանում, Հարավային Կովկասում խաղաղության իրական հնարավորություն կա։ Հայաստանը բազմիցս վերահաստատել է երկարաժամկետ կայունություն հաստատելու և տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ այդ ջանքերը չեն կարող միակողմանի լինել, և այդ ուղղությամբ մենք ակնկալում ենք նույնքան կառուցողական մոտեցում և անկեղծ գործնական քայլեր ադրբեջանական կողմից»։