09/07/2022 09:50
«Ժողովուրդ». «Իսկանդերի» մասին տարաբնույթ հայտարարություններ անելով՝ Փաշինյանը հերթական անգամ ստել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ԳՇ պետի ընդամենը 2 ամսվա փորձ ունեցող Օնիկ Գասպարյանը պատերազմի ժամանակ «Իսկանդերի» օգտագործման խայտառակ պլան է հաստատել։ «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքները ցույց կտան, թե Օնիկ Գասպարյանը «Իսկանդերի» մասին ինչպիսի խայտառակ պլան է հաստատել», - ասում է նա:
2021-ի փետրվարին «Իսկանդերի» «10 տոկոսանոց» կիրառության մասին նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսում: Ըստ նրա՝ «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով։ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի, ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրը «Իսկանդերը» չի կրակել: «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչու կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ, 10 տոկոսով», - ասել էր վարչապետը։
Այս հայտարարությունից հետո՝ օրեր անց, ՌԴ Պետդումայի պատգամավորներ Վիկտոր Զավարզինն ու Դմիտրի Սաբլինը Փաշինյանին մեղադրել էին ոչ կոմպետենտ լինելու և ստելու համար։ Ըստ ռուս պատգամավորների՝ «Իսկանդերը» բարձր ճշգրտության զենք է: Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն արձագանքել էր նաև ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Մեր ունեցած օբյեկտիվ ու հավաստի տեղեկություններով, որոնք հաստատվել են նաև հսկողության համակարգերով, հրթիռային համալիրներից և ոչ մեկը ղարաբաղյան պատերազմում չի կիրառվել։ Հրթիռների ողջ պաշարը գտնվում է Հայաստանի Զինված ուժերի պահեստներում», - հայտարարել էր ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։
Վերոնշյալ հարցազրույցից մի քանի օր անց վարչապետի մամուլի նախկին խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդերի» կիրառման վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։
«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել», - հայտնել էր վարչապետի նախկին խոսնակը։
Փաշինյանը, փաստորեն, «Իսկանդերի» կրակելու կամ գործելու որակական հատկանիշների մասին հայտարարություն էր արել, բայց նրա կաբինետը հերքել էր իրեն: Այժմ, փաստորեն, Փաշինյանի թիմակից Անդրանիկ Քոչարյանը հաստատում է, որ «Իսկանդերն», այնուամենայնիվ, կրակել է: Ստացվում է՝ «Իսկանդերի» մասին տարաբնույթ հայտարարություններ անելով՝ Փաշինյանը հերթական անգամ ստել է»։