11/07/2022 13:26
Շատ եմ վստահել, բայց այն, ինչ տեղի է ունեցել, անընդունելի է ու դատապարտելի. Սաղաթելյանը՝ Աննա Հակոբյանին ծաղկեփնջով դիմավորող Քաջարանի քաղաքապետի մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր անդրադարձավ Սյունիքի համայնքապետերի մասնակցությամբ քննարկվող թեմային:
Հիշեցնենք՝ Սյունիքի ընդդիմադիր համայնքապետերը, մասնավորապես, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը դիմավորել էր ծաղկեփնջրով, ինչը բուռն քննարկման առարկա էր դարձել:
Լրագրողն այսօր Իշխան Սաղաթելյանին հիշեցրեց խոսքերը`«Ով զադնի դնի՝ Նիկոլ է»՝ հարցնելով, թե Սյունիքի համայնքապետերի՞ն էլ է վերաբերում:
«Ընդհանրապես, դա վերաբերում է բոլորին: Ինչ վերաբերում է Մանվել Փարամազյանին՝ ափսոսում եմ, շատ եմ ափսոսում, Մանվել Փարամազյանն այն մարդկանցից էր, ով այս իշխանության դեմ պայքարել է, այդ պայքարի արդյունքում ապօրինի ազատազրկվել է: Այն, ինչ կատարվել է, ինձ համար անընդունելի է, ինչ-որ տեղ`անհասկանալի, բայց ամեն մեկն ինքն է որոշում իր ընթացքը, գործունեությունը», - արձագանքեց Սաղաթելյանը:
Նա ընդգծեց` շատ է վստահել Փարամազյանին, բայց այն, ինչ տեղի է ունեցել, անընդունելի է ու դատապարտելի:
Սաղաթելյանը չբացառեց, որ նման դեպքեր էլի կլինեն, բայց բացառում է, որ նման դեպքերը կարող են մեծ ազդեցություն ունենալ «Դիմադրություն» շարժման վրա:
«Ով գնալու է, թող գնա, տեսնենք տակը քանի հոգի է մնում, որ մենք էլ իմանանք՝ ուր ենք գնում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Իշխան Սաղաթելյանն ասաց, թե վստահ է` շատ լուրջ ճնշում է գործադվել Փարամազյանի նկատմամբ. «Այլ պարագայում չէր անի»: