11/07/2022 13:53
Արայիկ Հարությունյանը հետևել է պատերազմից հետո Ասկերանի շրջանում մեկնարկած մի շարք խոշորամասշտաբ ծրագրերի ընթացքին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջան և տեղում հետևել պատերազմից հետո մեկնարկած մի շարք խոշորամասշտաբ ծրագրերի ընթացքին:
Երկրի ղեկավարը նախ այցելել է Պատարայում կառուցվող ջրամբարի տարածք: ԱՀ ջրային կոմիտեի նախագահը տեղում զեկուցել է, որ Հանրապետության նախագահի հանձնարարականը կատարվել է ըստ ժամանակացույցի. 10 ամսվա ընթացքում շահագործման է հանձնվել Ստեփանակերտի ջրընդունիչ կայանը սնուցող նոր ջրատար խողովակաշարը: Ներկայումս ընթանում են մեծ ջրամբարի կառուցման շինաշխատանքները, որոնք նախատեսված է ավարտել 2025թ.-ին:
Նախագահ Հարությունյանը ռազմավարական է որակել կյանքի կոչվող ծրագրերի նշանակությունը, ընդգծել, որ, չնայած առկա սոցիալ-տնտեսական բարդ խնդիրներին, դրանց իրականացման համար պետական միջոցներից շարունակվելու են հատկացվել անհրաժեշտ գումարներ:
Նախագահի այցելության հաջորդ վայրերը Աստղաշենի և Հովսեփավանի վարչական տարածքներն էին, որտեղ պետական և բարեգործական միջոցներով կառուցվում են համապատասխանաբար 149 և 92 առանձնատներ: Պատասխանատուների հավաստմամբ՝ մինչև ընթացիկ տարվա վերջ երկու բնակավայրերում պատրաստ կլինի ավելի քան 150 առանձնատուն` նախատեսված Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի չորս համայնքների բնակիչների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների համար:
Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը եղել է նաև մեկ տարի առաջ ժամանակակից ագրոկանոններով հիմնված «Գրիկա ագրո» ՓԲԸ խաղողայգու և «Գրեեն Լանդ-1» ու «Գրեեն Լանդ-2» ՍՊ ընկերությունների արքայանարնջի և սերկևիլի այգիներում, այցելել ռուսաստանաբնակ գործարարի կողմից հայրենի Խնապատ գյուղում հիմնած «Բեսթ ֆուդ» սառնարանային տնտեսություն, որը զբաղվում է նաև պտուղների և հատապտուղների աճեցմամբ: Իր խոսքում նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ Արցախում գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը այլընտրանք չունի, և պետությունը պատրաստ է խրախուսել և աջակցել այն տնտեսվարողներին, ովքեր արդի չափորոշիչներին համապատասխան տնտեսություններ կհիմնեն:
Հանրապետության նախագահին ուղեկցում էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քաղաքաշինության ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարը, պաշտոնատար այլ անձինք: