11/07/2022 12:14
Հայաստանը տարածաշրջանում առաջինը կհյուրընկալի Եվրոպական կրթական հետազոտությունների ասոցիացիայի տարեկան համաժողովը
Հայաստանում օգոստոսի 22-ից 25-ը կանցկացվի Եվրոպական կրթական հետազոտությունների ասոցիացիայի (EERA) տարեկան համաժողովը։ Aysor.am-ը զրուցել է համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանի հետ։
- Հայաստանը տարածաշրջանի առաջին երկիրն է, որ հյուրընկալում է Եվրոպական կրթական հետազոտությունների ասոցիացիայի (EERA) տարեկան համաժողովը։ Ինչպե՞ս կատարվեց ընտրությունը, ի՞նչ պարտավորություններ ունի հյուրընկալող երկիրը։
- Եվրոպական կրթական հետազոտությունների ասոցիացիային անդամակցում է 43 երկիր։ Ասոցիացիան ամեն տարի կազմակերպում է կրթական հետազոտությունների վերաբերյալ համաժողովներ, որոնք անցկացվում են անդամ երկրներից մեկում։ 2014 թվականին նախ ԵՊՀ մանկավարժության ամբիոնը, ապա Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը անդամակցեցին Եվրոպական կրթական հետազոտությունների ասոցիացիային։ 2018 թ.-ին Կենտրոնը, հաղթելով EERA-ի կազմակերպած մրցույթում, պարտավորվեց չորս տարի անց համաժողովը հյուրընկալել ԵՊՀ-ում։
2019 թվականին EERA-ի և Հայաստանի միջև կնքված պայմանագրով մեկնարկեցին համաժողովի կազմակերպչական և բովանդակային աշխատանքները։ Մշակվել և հաստատվել է համաժողովի թեման՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա»։ Այս թեման հաստատելը նաև համաժողովի վերաբերմունքն է կրթությանը սպառնացող մարտահրավերների հանդեպ։ Խիստ կարևոր են քննարկումները՝ հասկանալու համար այդ գլոբալ իրողությունների հետևանքը համաժողովի մասնակից երկրների կրթական կյանքում։
Ստեղծվել է Համաժողովի բուկլետ, որտեղ արտացոլված է թեման, ներառված են թեմատիկայի մեթոդաբանությունը, տվյալներ EERA-ի, ԵՊՀ-ի և Երևանի մասին։ Այն ձևավորվել է սարյանական գույների, նկարների համադրությամբ։ Պարտավոր ենք ցանկացած հնարավորություն պատշաճ օգտագործել՝ մեր երկիրն ըստ արժանվույն ներկայացնելու համար։ Հատկանշական է, որ EERA-ի կառավարման խորհուրդը և թեման, և բուկլետը հաստատել է միաձայն։
Նաև ստեղծվել է 5-ից 6 րոպե տևողությամբ վավերագրական-տեղեկատվական ֆիլմ՝ համաժողովի մասնակիցներին նախապես հյուրընկալող երկրի՝ Հայաստանի մասին տեղեկացնելու համար։ Ի դեպ, մասնակիցներին տրվելու են նաև ուղեցույց-քարտեզներ համաժողովի օրերին համալսարանում տեղաշարժը հեշտ և արդյունավետ կազմակերպելու համար։ Համաժողովի կազմակերպչական հարցերին ներգրավված են լինելու նաև 80-90 ուսանող-կամավորներ, որոնց համար նույնպես նման համաժողովին մասնակցելը, կամավորական աշխատանք կատարելը կարևոր փորձառություն է։
Համաժողովի սկսնակ, երիտասարդ հետազոտողների համար նախատեսված է նաև սոցիալական միջոցառում՝ երեկոյան ընթրիք Երևանի Սիրահարների այգում. անկաշկանդ, գեղեցիկ երաժշտության ուղեկցությամբ դրական միջավայրը հնարավորություն կստեղծի երիտասարդ հետազոտողներին հաղորդակցվելու, մտերմանալու, նոր համագործակցություն ծրագրելու։ Համաժողովի շրջանակներում ԵՊՀ գրադարանի ֆոյեում կազմակերպվելու է նաև օտարերկրյա հրատարակչությունների գրքերի ցուցահանդես։ Հատկանշական է, որ համաժողովի բոլոր ծախսերը հոգում է EERA-ն։
- Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի ամենամյա համաժողովներին մասնակցում են 43 երկրից պատվիրակներ. այս տարի քանի՞ մասնակից է հյուրընկալվելու, ի՞նչ սկզբունքներով են մասնակիցներն ընտրվել, գիտեմ, որ ոչ բոլոր հայտադիմումներն են բավարարվել։
- Համաժողովին մասնակցելու հայտ էր ներկայացրել 2237 հետազոտող։ Անկախ փորձագետների դրական եզրակացությանն արժանացել են 1500-ը, Հայաստանն ունենալու է 75 մասնակից։ Ներգրավված են հայաստանյան գրեթե բոլոր բուհերը, գիտահետազոտական ինստիտուտները, կրթական հետազոտական կենտրոնները, նաև Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունները։
«Յունիսեֆ»-ը և «Դասավանդիր Հայաստան»-ը նույնիսկ նվիրատվություն են կատարել համաժողովին։
Ի դեպ, 1500 մասնակիցներից 800-ն են գալու Հայաստան, 700-ը ցանկություն է հայտնել համաժողովին մասնակցել առցանց։ Այն տեղի կունենա սեպտեմբերի 1-ից 10-ը։
- Հատկանշական է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիան չի փոխել ընդունող երկրին։ Որպես հյուրընկալող երկիր մեր կողմից համաժողովի մասնակիցներին ուղերձ լինելու՞ է։
- EERA-ի կողմից բարձր քայլ էր ինչպես ընդունող երկիրը չփոխելը, այնպես էլ համաժողովի առդեմ ձևաչափն ամբողջովին առցանց չդարձնելը. սա, իսկապես, կարևոր աջակցություն էր հետպատերազմական երկրին։ Ասում էին, եթե անգամ 100 մասնակից լինի, իրենք անպայման կգան Հայաստան։
Մեր նպատակը համաժողովի պատշաճ կազմակերպումն է, որով պետք է ցույց տանք, որ Հայաստանը, չնայած բոլոր դժվարություններին, իրեն պատասխանատու դերակատար է համարում կրթությանն ուղղված մարտահրավերների դիմագրավման հարցում, իսկ ուղերձը համաժողովի բոլոր երկրների մասնակիցներին՝ սերտ ու արդյունավետ համագործակցությունն է կրթության և կրթական հետազոտությունների ցարգացման գործում։
- Վստահ եմ, որ համաժողովը տարածաշրջանում առաջինը հյուրընկալելը պարտավորեցնող է։ Ի՞նչ հնարավորություններ է ստեղծում այս համաժողովը մեր երկրի համար։
- Այո, հատկանշական է, որ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որտեղ անցկացվելու է այս համաժողովը։ Նման համաժողով հյուրընկալելը պատվաբեր է, նպաստում է մեր երկրի և համալսարանի վարկանիշի բարձրացմանը, ճանաչմանը, ստեղծում է համագործակցության լայն հնարավորություններ՝ միջբուհական պայմանագրեր, համատեղ հետազոտական աշխատանքներ, փորձի ուսումնասիրություն և տեղայնացում, միջազգային գործընթացներին ներգրավում, երկդիպլոմ ծրագրեր։
- EERA-ի համաժողովը Հայաստան «բերելու» գործում մեծ դեր ունի ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը, անդրադառնանք նաև կենտրոնի՝ այս տարիների կարևորագույն ձեռքբերումներին և նաև առաջիկա անելիքներին։
- ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը (ՄԿԶԿ) հիմնադրվել է 2017 թ.-ին՝ որպես համալսարանի գիտակրթական ինքնուրույն միավոր՝ մանկավարժության ամբիոնի հարուստ ավանդույթներով։
ԵՊՀ մանկավարժության ամբիոնը համալսարանի հնագույն ամբիոններից է, այն ստեղծվել է համալսարանի հիմնադրումից երկու տարի հետո՝ 1921թ․։ Որպես ֆակուլտետ գործել է երեք տարի, իսկ ամբիոնը շարունակել է իր գործունեությունը։
2017 թվականին կենտրոնը բացելով՝ վերականգնել ենք «արդարությունը», որովհետև կենտրոնն ունի ֆակուլտետի կարգավիճակ. իրականացնում է և գիտահետազոտական աշխատանքներ, և ունի 4 կրթական ծրագիր՝ բակալավրիատում և մագիստրատուրայում։
Չորրորդ կրթական ծրագիրը՝ «Ուսուցչական առաջնորդություն»-ը, բացվել է գործատուի՝ «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի հետ գործակցությամբ։ Ամեն տարի 30 ուսանող հնարավորություն է ունենալու (ուսման վարձը վճարելու է «Դասավանդիր Հայաստան»-ը) ստանալ մագիստրոսի աստիճան, ուսուցչի որակավորում, ապա աշխատանքի է անցնելու Արցախի և Հայաստանի հեռավոր մարզերի, սահմանամերձ համայնքների դպրոցներում։ Սա ռազմավարական նշանակության ծրագիր է։
Այս տարիներին կենտրոնն ուսումնասիրել է մանկավարժության ժամանակակից տասներկու գիտաճյուղ։ Կենտրոնում տպագրվում են հոդվածներ, բուհական ձեռնարկներ, մանկավարժական բառարան (հայերեն առաջին հրատարակությունն է), արդեն չորս տարի է լույս է տեսնում «Կրթությունը 21-րդ դարում» միջազգային գիտամեթոդական եռալեզու հանդեսը, որի խմբագրական կոլեգիայում ներգրավված են տասնմեկ երկրից տասնչորս գիտնական-մանկավարժներ։
2012 թվականից կենտրոնում գործում է գիտական աստիճաններ շնորհող Մանկավարժության 058 մասնագիտական խորհուրդ. կա թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանության թույլտվություն։ Ցանկություն կա խորհրդի ընդդիմախոսների կազմում ներգրավել նաև արտասահմանցի գիտնականների։
Նախատեսվում է Կենտրոնի մագիստրատուրայի «Կրթության կազմակերպում» կրթական ծրագիրը կազմակերպել նաև հեռավար ուսուցմամբ, անգլերենով արտասահմանյան ուսանողների համար։ Նաև ծրագիր կա բացել Կիրառական սոցիալական մանկավարժության լաբորատորիա։