11/07/2022 20:08
Եվրոգոտում ռեցեսիայի հավանականությունը 45 տոկոս է․Bloomberg
Եվրոգոտում տարվա ընթացքում ռեցեսիայի հավանականությունը 45 տոկոս է, հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հիմնվելով եվրոպացի տնտեսագետների վերլուծությունների վրա։
Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ եվրոյի գոտում տնտեսության անկման հավանականությունը 20 տոկոս էր գնահատվում, իսկ արդեն հունիսին՝ 30 տոկոս։ Մասնագետներն այժմ ավելի վատատեսական գնահատականներ են հնչեցնում՝ Եվրոպայում բնական գազի պաշարների նվազման ռիսկի և առկա բարձր գնաճի պատճառով։
Մասնավորապես, Գերմանիայում արտադրության ծավալների կրճատում է կանխատեսվում, իսկ ռեցեսիայի հավանականությունը 55 տոկոս է գնահատվում։
Կանադացի փորձագետների գնահատականների համաձայն՝ եվրոգոտում 2022 թվականի երկրորդ կեսին «մեղմ ռեցեսիա» կսկսվի, իսկ Եվրոպական կենտրոնական բանկն աստիճանաբար կբարձրացնի տոկոսադրույքները։
Bloomberg-ը տնտեսագետների կարծիքները հավաքագրել է հուլիսի 1-ից 7-ն ընկած հատվածում։