12/07/2022 20:30
Ինչպե՞ս հետևել մանկապարտեզ հաճախող երեխայի առողջությանը. Խորհուրդ մանկաբույժից
«Ցանկացած դեպքում, երբ կա երեխաների մեծ խումբ, գործ ունենք մանրէների հետ: Նույնիսկ ամենաբարձրակարգ և մաքուր մանկապարտեզներում երեխաները սովորություն ունեն բերանը տանել կեղտոտ ձեռքերն ու խաղալիքները. Այդպիսով առաջանում են մի շարք հիվանդություններ և սկսվում մայրիկների խուճապը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց մանկաբույժ Անահիտ Մխիթարյանը:
Ձեռքերի, ոտքերի և բերանի խոռոչի տարբեր հիվանդություններ առաջանում է տարատեսակ վիրուսներից ու բակտերիաներից. Դրանք բնորոշ են հատկապես մինչև 5 տարեկան երեխաներին: Ախտանշաններն են՝ ջերմություն, ցան, բերանի խոց:
Բայց արդյո՞ք միկրոբների առկայությունը բավարար պատճառ է երեխաներին մանկապարտեզ չուղարկելու և տնային հիգիենիկ պայմաններում պահելու համար:
«Առաջին հայացքից կարող է թվալ, թե մանկապարտեզ այցելող երեխաներն ավելի շատ են հիվանդանում, քան չայցելողները, բայց երեխաների մեծ մասն այսպես թե այնպես ձեռք է բերում տարածված միկրոբները: Ուսումնասիրությունների համաձայն՝ մինչև 3 տարեկան երեխաները մանկապարտեզում ավելի շատ են հիվանդանում, քան տանը: Փորձը ցույց է տալիս, որ այն երեխաները, ովքեր փոքր տարիքում չեն այցելել մանկապարտեզ, ավելի հաճախ են հիվանդանում դպրոցում», - ասաց մանկաբույժը:
Տեսականորեն կարելի է ասել, որ միկրոբները ուժեղացնում են երեխայի դիմադրողականությունը: Երբ երեխայի օրգանիզմը վարակվում է վիրուսով, նրա իմունային համակարգը սկսում է դրսևորել իրեն՝ հաջորդ անգամ ավելի լավ պայքարելու համար: Այն մշակում է հակամարմիններ վիրուսում առկա որոշակի բակտերիաների դեմ պայքարելու համար: Ցավոք, յուրաքանչյուր վիրուս ունի հարյուրավոր տեսակի բակտերիաներ: Այդ պատճառով մի վիրուսով վարակվելը որևէ կերպ չի ապահովագրում երեխային մեկ այլ վիրուսով վարակվելուց:
Մանկաբույժը ծնողներին խորհուրդ է տալիս առաջին հերթին հետևողական լինել, որպեսզի երեխաները մաքուր պահեն ձեռքերը, քանի որ այն առաջնյաին է վիրուսներից պաշտպանվելու համար:
«Հորդորեք երեխաներին լվանալ ձեռքերը հատկապես ուտելուց առաջ, լոգարանից օգտվելուց և ցանկացած հասարակական վայրում գտնվելուց հետո: Կարևոր նշանակություն ունեն նաև պատվաստումները: Դրանք չեն կարող կանխարգելել տարածված վիրուսները, բայց կարող են պաշտպանել օրգանիզմը լուրջ հիվանդություններից», - ասաց Անահիտ Մխիթարյանը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։