12/07/2022 19:11
Ի՞նչ անել մեղվի խայթոցի դեպքում. Խորհուրդներ ալերգոլոգից
Մեղվի խայթոցը տարվա այս եղանակին բավականին հաճախ է հանդիպում, այն հիմնականում կյանքի համար վտանգավոր չի լինում, եթե չկա ալերգիկ ֆոն, կամ այնպիսի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են խայթոցի հետ։
Aysor.am-ի հետ զրույցում բժիշկ, ալերգոլոգ Անահիտ Իգնաթյանը խոսեց մեղվի խայթոցի, դրանից առաջացած հնարավոր բարդությունների կանխարգելման և երեխաների վրա ունեցած ազդեցության մասին։
«Խայթելուց հետո, մեղուն սովորաբար խայթը թողնում է մաշկի վրա, հետևաբար առաջին հերթին անհրաժեշտ է հնարավորինս արագ փորձել հեռացնել այն մաշկից, ապա կատարել մի շարք քայլեր.
Օճառով և ջրով լվանալ խայթոցի մակերեսը
Օգտագործել հակաալերգիկ քսուքներ
Խայթոցի հատվածի վրա սառույց դնել. Այն նույնպես կմեղմի ցավը
Արտահայտված ցավի դեպքում օգտագործել ցավազրկող դեղամիջոց
Քորի դեպքում կարելի է կիրառել հակաալերգիկ դեղորայք», - ասաց ալերգոլոգը։
Հարցին, թե կարելի՞ է արդյոք կիրառել տնային, ավանդական մեթոդներ, բժիշկը պատասխանեց.
«Չի՛ կարելի խայթոցի դեպքում կիրառել մածուն, ատամի մածուկ, շաքար, սալոր, ցեխ և այլ տարածված միջոցներ, քանի որ դրանք ավելի են սրում իրավիճակը և կարող են հակառակ ազդեցությունն ունենալ։ Առհասարակ, այսօր կան այնպիսի դեղամիջոցներ և քսուքներ, որ նախկինում կիրառելի մեթոդներն այսօր հնացած և, նույնիսկ, ծիծաղելի են թվում»։
Մարմնի տարբեր մասերի խայթոցն այնքան էլ վտանգավոր չէ, սակայն հետևանքները զուտ անհատական են։ Դեմքի հատվածում մեղուների խայթոցը ցավից բացի, առաջացնում է նաև մի շարք կոսմետիկ խնդիրներ։
Լինում են մի շարք դեպքեր, երբ խայթոցից հետո պետք է անպայման և շատ արագ դիմել բժշկի, քանի որ դրանք կարող են ունենալ կյանքի համար վտանգավոր ելքեր.
Մեղուն խայթել է բերանի մեջ. այտուցի հետևանքով կարող է առաջանալ շնչուղիների փակվածություն։
Մաշկի ցանը տարածվել է, այտուցը և ցավը պահպանվում են 3 օրից ավել, ինչը կարող է երկրորդային ինֆեկցիայի նշան լինել:
Կյանքին վտանգ սպառնացող նշաններն են՝
դժվարաշնչություն և խզզոցներ
կրծքավանդակում ճնշման զգացում
շուրթերի, լեզվի կամ դեմքի այտուց
գլխապտույտ և անհանգստություն
սրտխառնոց կամ փսխում:
Մեղվի հետ առաջնային շփման վտանգը երեխայի օրգանիզմի անհայտ ռեակցիայի և նրա անօգնականության մեջ է։ Ամենից հաճախ սուր ալերգիաները բացակայում են։
Եթե հայտնի է, որ երեխան ալերգիկ է, բաց տարածքում, պետք է պահպանել մի շարք կանոններ. ունենալ խամրած հագուստ, որը հնարավորինս ծածկում է մարմինը, կրել գլխարկ, ոտաբոբիկ չքայլել, զգուշորեն օգտագործել պաշտպանիչ միջոցներ, լինել չափազանց զգույշ և ուշադիր՝ խաղալիս, ուտելիս: Վտանգավոր իրավիճակները կանխելու համար հնարավոր է հատուկ պատվաստումներ իրականացնել։
Զրույցի վերջում Անահիտ Իգնաթյանը ծնողներին խորհուրդ տվեց առավել ուշադիր լինել նորածնային տարիքի երեխաներին, քանի որ նրանք գտնվում են ռիսկի խմբում և դեռևս չունեն ձևավորված իմունիտետ մեղվի խայթոցի դեմ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։