12/07/2022 13:55
Հայաստանում նախատեսվում է ստեղծել արտաքին հետախուզական մարմին. Արմեն Գրիգորյան
Հայաստանում նախատեսվում է ստեղծել արտաքին հետախուզական մարմին, «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա ասաց, թե ՀՀ կառավարությունը ԱԺ-ի քաղաքական թիմի հետ 3 ուղղությամբ լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում:
«Դրանցից մեկը Ոստիկանության բարեփոխումներն են, մյուսը՝ ՊՆ-ի, ԶՈՒ բարեփոխումները: Այս բարեփոխումների համատեքստում մենք պլանավորում ենք ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին։ ԱԽ գրասենյակն արդեն գործընկերների հետ քննարկումներ է սկսել այս նոր կառույցի ձևավորման համար: Ոստիկանության բարեփոխումներն այս լայն կոնտեքստում պետք է դիտարկել, դրա հիմքում դրված է նաև ժողովրդավարական կոնցեպտը», - նշեց Գրիգորյանը:
Նա հիշեցրեց, որ կառավարությունը 2018 թվականից սկսած՝ սկսել է անվտանգության ոլորտի ժողովրդավարացման գործընթաց, ինչը կարևոր է անվտանգության, կայունության և կարողությունների ավելացման տեսանկյունից:
«Անվտանգության խորհրդի նիստերին հաճախ լինում են թեմաներ, որոնք առնչվում են ԱԻՆ-ին, իսկ ԱԽ-ում ԱԻՆ-ը ներկայացված չէր, բայց այժմ այսպիսի բարեփոխումներով նաև արդյունավետություն է ստեղծվում, քանի որ ՆԳ նախարարը, որպես նաև արտակարգ իրավիճակների ոլորտում քաղաքականությունը և գործառույթները համակարգող մարմին, հնարավորություն կունենա ԱԽ-ում քաղաքականության մշակման գործընթացում և՛ ներգրավված լինելու, և՛ հարցերը լուծելու», - հայտարարեց ԱԽ քարտուղարը:
Նա ընդգծեց` իրենց հավատամքն է, որ Հայաստանի կառավարման բոլոր ոլորտներում ժողովրդավարացումը կենսունակ նշանակություն ունի մեր պետության համար:
«Մենք շարունակելու ենք այս ուղղությամբ շարժվել», - հավելեց Գրիգորյանը: