12/07/2022 11:29
Թուրքիայի հետ շարունակաբար փակ սահմաններ և զրոյական դիվանագիտական հարաբերություններ ունենալը մեզ որևէ տեղ չի տանելու. Էդմոն Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին:
Էդմոն Մարուքյանը նշել է, որ վերջին անգամ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև ուղիղ շփում տեղի է ունեցել շուրջ 10 տարի առաջ: Ըստ նրա՝ սա չափազանց կարևոր քայլ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։
«Պետք է գիտակցել, որ Թուրքիայի հետ շարունակաբար փակ սահմաններ և զրոյական դիվանագիտական հարաբերություններ ունենալը մեզ որևէ տեղ չի տանելու՝ հատկապես հաշվի առնելով նաև վերջին պատերազմի իրողությունները։ Կարևոր է, որ երկխոսությունը շարունակվի և իր հաջող հանգրվանն ունենա՝ սահմանների բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման տեսքով։ Հայաստանը շարունակում է պրոակտիվ դիվանագիտությունը», - Facebook-յան իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք` երեկ տեղի է ունեցել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել է երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերը: Կողմերը հույս են հայտնել, որ հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ապագայում կյանքի կկոչվեն: