12/07/2022 17:42
Այսօր առավել, քան երբևէ, պետք է մեր կամքը, ուժն ու կարողությունները ներդնենք հանուն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը հիշեցրել է այսօրվա պատմական խորհուրդն ու կոչ արել ներդնել ամբողջ ներուժը՝ հանուն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման։
«1988 թ. այս օրը՝ հուլիսի 12-ին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նիստը որոշեց դուրս գալ Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հռչակել Արցախի հայկական ինքնավար հանրապետություն:
Այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է մեր կամքը, ուժն ու կարողությունները ներդնենք հանուն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, և բոլոր նրանք, ովքեր խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, ի վերջո, գիտակցեն, որ Արցախի ժողովուրդն է իր ճակատագրի դարբինը, Արցախը երբեք, ոչ մի վայրկյան չի եղել Ադրբեջանի կազմում, և Արցախի ապագան Ադրբեջանի կազմում անթույլատրելի ու կործանարար է»,- սոցցանցում գրել է Էդուարդ Շարմազանովը։