12/07/2022 19:52
Այս պահին հաշմանդամություն է սահմանված պատերազմի 1243 մասնակցի․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել 2020 թվականի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց բժշկասոցիալական փորձաքննությունների և վերափորձաքննությունների վերաբերյալ․
«Ի պատասխան 2020 թվականի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց բժշկասոցիալական փորձաքննությունների և վերափորձաքննությունների վերաբերյալ մտահոգությունների՝ տեղեկացնում ենք, որ պատերազմից հետո հաշմանդամության խումբ է սահմանվել 1498 անձի։ Իրականացված վերափորձաքննությունների արդյունքում՝ այս պահին հաշմանդամություն է սահմանված պատերազմի 1243 մասնակցի, որից 1-ին խումբ՝ 112 անձ, 2-րդ խումբ՝ 244 անձ, 3-րդ խումբ՝ 887 անձ։
Ինչ վերաբերում է պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից նշանակվող հատուցմանը, տեղեկացնում ենք, որ կարևորելով հարցի զգայունությունը՝ այս ուղղությամբ նախատեսվում են քննարկումներ, որոնց արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Հիշեցնենք, որ բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում և անձի հաշմանդամությունը սահմանվում է ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության բաժինների կողմից։
Անձին հաշմանդամություն սահմանվում է (այդ թվում՝ վերին և ստորին վերջույթների տարբեր մակարդակների ամպուտացիաներ ունեցող անձանց) Հայաստանի Հանրապետությունում գործող հաշմանդամության սահմանման չափորոշիչներին համապատասխան՝ հաստատված ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13 թիվ 780-Ն որոշմամբ»։