12/07/2022 09:59
«Ժողովուրդ». Ինչու Փաշինյանը չի այցելել Մարգարա. բնակիչներին հանդիպել է Երասխավանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին այցելել էր Արմավիրի մարզ, սակայն հետաքրքիր է, որ սահմանամերձ Մարգարայում այդպես էլ չի եղել: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա բնակիչների հետ հանդիպել է Երասխավանում, որտեղ ներկա են եղել նաև Մարգարայի բնակիչները:
Ինչպես հայտնի է, Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորմամբ զբաղվող հատուկ բանագնացների վերջին հանդիպումից հետո նշվեց, թե կողմերը պայմանավորվել են բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների համար և վերականգնել Թուրքիայի հետ օդային փոխադրումները: Եվ ահա, մեր տեղեկություններով՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկաները բազմաթիվ հարցեր են ուղղել Փաշինյանին՝ կապված ջրի թանկացման, մանկապարտեզի և, բնականաբար, սահմանազատման հարցերի մասին: Հետաքրքիր է, որ այդպես էլ ՀՀ վարչապետը ներկաներին չի պարզաբանել, թե ինչ է նշանակում «երրորդ երկիր» ասվածը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնակիչները տարակուսած էին, թե չգիտեն՝ ինչ է լինելու իրենց հետ, որ երկրների ինչ քաղաքացիներ են օգտվելու իրենց գյուղամեջի ճանապարհից: Հավելենք, որ Վարդաշենից դեպի Մարգարա տանող ճանապարհն այս պահին քանդած է, առանց ճանապարհային նշանների է, և այն դարձել է անանցանելի: Գյուղի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, թե հանդիպման ժամանակ բարձրաձայնվել է նաև ասֆալտապատման աշխատանքների մասին, որի վերաբերյալ ևս դեռ հստակ ոչինչ չի ասվել»։