13/07/2022 20:10
Ցիստիտ. ախտանշանները, բուժումը, կենսակերպը
Հաճախակի և ցավոտ միզարձակումը հայտնի է որպես միզապարկի բորբոքում՝ ցիստիտ, որի դեպքում մեզը կարող է ուժեղ հոտ ունենալ, լինել պտղտոր, արյունային հետքերով, ինքնազգացողությունը վատթարանում է, կա ցավ գոտկաորովայնային շրջանում, հնարավոր է նաև դող, սրտխառնոց։
Հիվանդությունը մանրէաբանական ծագում ունի, անատոմիական կառուցվածքով պայմանավորված ռիսկի խմբում առավելապես կանայք են։
Ցիստիտի պատճառ կարող են լինել նաև սեռական հարաբերություններից հետո միզուղու բորբոքումը, ալերգածին գործոնները՝ հիգիենայի տարատեսակ պայմանները։
Ռիսկի գործոններ են սեռական հարաբերությունը (մեկից ավել սեռական զուգընկեր), մանկական հասակում միզային ինֆեկցիա ունենալը, ժառանգականությունը ևս գործոն է։ Կանխարգելելու համար կարևոր է հիգիենայի կանոններին հետևելը՝ արտաքին սեռական օրգանների շրջանում լվացումներ կատարելիս լվացման ուղղությունը պետք է լինի առջևից դեպի հետ, հակառակ դեպքում բակտերիաները մեխանիկական ճանապարհով կարող են թափանցել միզասեռական համակարգ՝ առաջացնելով բորբոքումներ՝ այդ թվում ցիստիտ։
Միայն մրսածությունը բավարար չէ ցիստիտի առաջացման համար, կա բակտերիա, հարուցիչ որ իմունիտետի ընկճման դեպքում կարող են գլուխ բարձրացնել։
Գանգատները՝
• Ցավեր միզուղում
• Ցերեկային և գիշերային հաճախամիզություն
• Միզելուց հետո միզապարկում մնացորդային մեզի զգացում
• Անմիզապահություն
Սեռական հարաբերություններից հետո առաջացող ցիստիտը հիմնականում պայմանավորվում է կնոջ միզուկի անատոմիական դիրքով, սեռական օրգանների միկրոֆլորայի խնդրով։
Առաջնային հետազոտությունը մեզի քննությունն է։ Վերը նշված ախտանշանները սպեցիֆիկ ախտանշաններ չեն, կարող են նաև ուռուցքային ախտահարումների դեպքում ևս դիտվել։ Եթե մեզի մեջ կա արյուն, պետք է դիմել համապատասխան մասնագետի՝ ժխտելու համար ուռուցքային գործընթացի առկայությունը։
Ցիստիտի դեպքում հակաբակտերիալ բուժում է նշանակվում՝ բժշկի ցուցմամբ. ըստ բակտերիայի է որոշվում դեղամիջոցը, ինքնուրույն ընտրել չի կարելի։
Ցիստիտի դեպքում պետք է խմել ադեկվատ ծավալի հեղուկ՝ 1.5, 2 լիտր, չի կարելի չարաշահել կծուն, թթուն, աղի պարունակությամբ սննդամթերքները։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։