13/07/2022 20:30
Եղնջացան. ախտանշանները, առաջացման պատճառները
Տարբերակվում է սուր և քրոնիկական եղնջացան, այն դրսևորվում է շոշափվող, բաց վարդագույն տարրերով, նման է եղինջ բույսից առաջացող ցանին, առաջացնում է քոր։
Եղնջացանը կարող է լինել տեղային և տարածված, տարբեր չափերի, կարող է ի հայտ գալ արագ, րոպեների ընթացքում, անհետանալուց հետո հետքեր չեն մնում։
Կարևոր է տարբերակել՝ եղնջանցանը որպես ախտանշան (ինչ-որ խնդրի հետևանքով մաշկի բորբոքում, որ ուղեկցվում է քորով) և եղնջացան հիվանդություն։ Տարբերակումը կարևոր է ճիշտ, արդյունավետ բուժման, պատճառների բացահայտման համար։ Քրոնիկ եղնջացանի պատճառը կարող է այդպես էլ չբացահայտվել. որոշ դեպքերում ասոցացվում է աուտոիմուն հիվանդությունների հետ։
Սուր և քրոնիկի սահմանը վեց շաբաթն է. եթե եղնջացանը տևում է վեց շաբաթից ավել, դիտարկվում է քրոնիկ եղնջացան, քանի որ վեց շաբաթվա ընթացքում հիմնական պատճառներն անցնում են։
Խիստ կարևոր է եղնջացանը տարանջատել որոշ ռևամտոլոգիական հիվանդություններից. կա եղնջացանային վասկուլիտ, որ կարող է գայլախտի առաջին դրսևորումներից լինել։
Եղնջացանի դեպքում ինքնաբուժությամբ զբաղվել պետք չէ, կարևոր է չքորել, չվնասել ցանը՝ երկրորդային վնասվածքներ չառաջացնելու համար։ Եղնջացանը որոշ դեպքերում կարող է դրսևորվել այտուցներով։ Դեղորայք պետք է ընդունել բժշկի ցուցմամբ՝ եղնջացանը որպես ախտանշան և եղնջացանը որպես հիվանդություն տարբերակիչ ախտորոշումից հետո միայն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։