13/07/2022 18:20
«Էդմոն Մարուքյանը չէ հիմնական խնդիրը, հիմնական խնդիրը նրա տերերն են»․ Արմեն Աշոտյան (Տեսանյութ)
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի կողմից ընդդիմությանն ուղղված մի շարք մեղադրանքներին գնահատականներին՝ ընդգծելով, որ Մարուքյանը հարկատուների հաշվին աշխատավարձ է ստանում, և ըստ տրամաբանության, որպես Հատուկ հանձնարարություններով դեսպան, պետք է աշխատի արտաքին հարաբերությունների հարցերով, սակայն իրականում զբաղված է ընդդիմության հասցեին իշխանահաճո քննադատություններ հնչեցնելով։
«Տեսեք՝ պարոն Մարուքյանը հասարակական ակտիվության մեջ քանի տոկոս է նվիրում իր բուն գործունեությանը, դեռ որակը մի կողմ եմ դնում, և քանի՛ տոկոս է նվիրում իրեն տված աշխատավարձ ու նվեր ստացած բնակարանը, և այլն, արդարացնելու համար՝ ընդդիմության հասցեին վայրահաչելով։
Ի՞նչ արտաքին կապերով է զբաղվել պարոն Մարուքյանը․ ասեմ՝ լիբերալ դեմոկրատներից կուսակցական հրավեր է ստացել մասնակցել ինչ-որ սեմինարի և պետական փողերով գնացել է կուսակցական միջոցառման։ Չեմ սևեռվում Էդմոնի վրա, որովհետև ինքը չէ հիմնական խնդիրը, հիմնական խնդիրն իր տերերն են»,- նշել է Արմեն Աշոտյանը։
Նա հիշեցրել է, որ ժամանակին Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի մասին ասում էր, որ նա պարտության խորհրդանիշ է, բայց այսօր փորձում է արդարացնել Փաշինյանի վարած քաղաքականությունը։
«Իսկ այն սպասելիքները, թե ընդդիմությունը պետք է ինստիտուցիոնալ լինի, առնվազն ծիծաղելի են, քանի որ ի՞նչ ինստիտուցիոնալ լինելու մասին է խոսքը, երբ Հայաստանում չկան ինստիտուտներ։ Այսինքն՝ ընդդիմությունն ինչպե՞ս կարող է զբաղվել ինստիտուցիոնալ աշխատանքով մի պետությունում, որտեղ ինստիտուտները բնաջնջվում են, և կա միայն մեկ ծաղրածուի կրկես՝ Նիկոլ Փաշինյանն է։
Հայաստանում քայքայված է դիվանագիտական ծառայությունը, հատուկ ծառայությունները, պաշտպանական հաստատությունները, պետական կառավարման համակարգը։ Ու այս համատարած բարդակի մեջ ընդդիմությունը պետք է սպիտակ կոստյումով գա նստի ու ասի՝ ես ինստիտուցիոնալ աշխատանքո՞վ եմ զբաղված։ Նման հիմարություններ արտաբերելով՝ մարդկանց ինչ աստիճան հիմարի տեղ պետք է դնեն և մտածեն, որ այս «կտերը» պետք է աշխատեն»,- շեշտել է Արմեն Աշոտյանը։
Նա ընդգծել է, որ ընդդիմությունը ժողովրդից մանդատ է ստացել ոչ թե խորհրդարանում աշխատելու, այլ խորհրդարանական գործիքակազմով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում