13/07/2022 17:44
Աբխազիան պատրաստ է իր տարածքը տրամադրել դեպի Ռուսաստան ապրանքների զուգահեռ ներմուծման համար
Աբխազիան պատրաստ է արևմտյան պատժամիջոցների կիրառման պայմաններում իր տարածքը տրամադրել դեպի Ռուսաստան ապրանքների զուգահեռ ներմուծում իրականացնելու համար, հայտարարել է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան։
«Այն բանից հետո, երբ զգալի թվով երկրներ հայտարարեցին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, մենք, իհարկե, մնում ենք այն կարծիքին, որ մեր տարածքը կարող է օգտագործվել դեպի Ռուսաստան զուգահեռ ներմուծումներ իրականացնելու համար։ Մեր երկրի տարանցիկ հնարավորությունները կարող են օգտագործվել, մենք երկու նավահանգիստ ունենք, այսինքն՝ ելք դեպի այլ պետություններ»,- Բժանիայի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։
Աբխազիայի նախագահը հայտարարել է նաև, որ իրենք «չեն վախենում պատժամիջոցներից»։
«Աբխազիան ճանաչվել է որոշ պետությունների կողմից, բայց ամենակարևորն այն է, որ մեզ ճանաչել է Ռուսաստանը։ Մենք չենք վախենում պատժամիջոցներից, դրանք մեր դեպքում երբեք չեն էլ չեղարկվել։ Ընդհակառակը, այդ դժվարությունները մեզ ավելի կմոտեցնեն»,- նշել է Ասլան Բժանիան։