13/07/2022 11:31
«Արար» ծրագիրը շարունակում է գործել՝ ի նպաստ համայնքների զարգացման
«Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագիրը 2017 թվականից իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի և «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ու փոխանցման միջոցով նպաստել ՀՀ համայնքների մշակութային և տնտեսական կայունացմանը, բնակիչների հոգևոր և սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: Տեղաբնակ ժողովրդական ստեղծագործողները համայնքներում իրենց գիտելիքներն ու փորձառությունն են փոխանցում տարբեր տարիքի շահառուներին՝ ուսուցանելով ժողովրդական արհեստներ և արվեստներ։
Տարիների ընթացքում ծրագիրն աստիճանաբար ընդլայնում է իր աշխարհագրությունը։ Ներկայում 24 կենտրոններ են գործում ՀՀ 8 մարզերի 40 համայնքներում՝ Սյունիքի (Տեղ, Տաթև), Տավուշի (Նոյեմբերյան, Այրում, Արճիս, Զորական, Բագրատաշեն, Բերդավան, Բաղանիս, Դովեղ, Ջուջևան, Լճկաձոր, Պտղավան, Ոսկեվան, Կողբ, Կոթի, Հաղթանակ), Լոռու (Դսեղ), Արագածոտնի (Արտենի, Ուջան), Գեղարքունիքի (Դպրաբակ, Այգուտ), Արարատի (Դիտակ, Ջրաշեն, Ջրահովիտ, Զանգակատուն, Մասիս), Արմավիրի (Բաղրամյան, Հացիկ, Մյասնիկյան, Խանջյան, Առատաշեն, Նորապատ), Կոտայքի (Աբովյան, Հացավան, Գեղադիր, Ողջաբերդ, Զառ, Ջրվեժ, Պտղնի)։
Դասավանդում են 18 տեղաբնակ մասնագետներ, շուրջ 900 երեխաներ ու պատանիներ սովորում են գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, խեցեգործություն, փայտի փորագրություն, խաչքարագործություն, նկարչություն, մանրանկարչություն, ավանդական երգ ու պար, մասնակցում են բազմաբնույթ ցուցահանդեսների, փառատոների, տեղական և միջազգային մրցույթների:
Դասընթացների շրջանակում ծրագիրն անդրադառնում է նաև ոչ ակտիվ համայնքների մշակութային կյանքի հիմնախնդիրների համակարգմանը և իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ՝ նպաստելով համայնքի նոր մշակութային դիմագծի ձևավորմանը: