13/07/2022 16:40
Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը հանդես կգա Բահրեյնի դրոշի ներքո
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականին կարճատև արձակուրդ է տրված: Անսովոր անդորրը կխախտվի հուլիսի 25 –ից, երբ Աբովյանում կսկսվի ուսումնամարզական հավաքը: Դա տարեվերջին Կոլումբիայում անցկացվելիք աշխարհի առաջնության նախապատրաստական առաջին փուլն է:
ՀԱՕԿ-ի հետ զրույցում գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ մարզաձևում լուրջ խնդիրներ չկան և ծանրորդները գիտեն իրենց անելիքների մասին: Թերևս խանգարում են մերթընդմերթ տարածվող անհարկի լուրերն ու զրույցները:
«Բերվեց հետևյալ օրինակը: Այժմ ունենք գրեթե հավասարազոր ուժերի և հնարավորությունների գերծանրքաշային երեք ծանրորդ: Մրցակարգի համաձայն, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, ամեն երկիր, հնգական քաշային կարգերից յուրաքանչյուրում, կարող է երկուական մարզիկ – մարզուհի ներկայացնել: Այս պարագայում մեր առաջատար հերկուլեսներից մեկը կզրկվի մասնակցությունից:
Կարելի է հնարավորություն տալ «ավելորդին», որ նա հանդես գա մեկ այլ երկրի հավաքականում: Մեր դեպքում, գյումրեցի Գոռ Մինասյանն ընդառաջ է գնացել իրեն դիմած Արաբական Բահրեյնի ֆեդերացիայի ցանկությանը: Գոռը նաև նպատակ ունի պաշտոնական մրցումներում անհրաժեշտ վարկանիշային միավորներ վաստակել Փարիզի օլիմպիական խաղերում հանդես գալու համար:
Ի դեպ, օլիմպիական խաղերի պարագայում, յուրաքանչյուր երկիր կարող է ծրագրում ընդգրկված տղամարդկանց և կանանց հինգական քաշային կարգերում ներկայացնել ընդամենը երեքական մարզիկ – մարզուհի»,-նշվում է ՀԱՕԿ հաղորդագրությունում: