14/07/2022 19:30
Ինչպե՞ս անել, որ լյարդը միշտ առողջ լինի՝ առանց դեղերի օգնության
Լյարդն օրգանիզմը տարբեր քիմիական և վնասակար այլ նյութերից մաքրող ամենակարևոր օրգանն է, բայց պարբերաբար անհրաժեշտ է մաքրել նաև լյարդը՝ դրանով իսկ պահպանելով նրա առողջությունը: Լյարդին անհրաժեշտ է պարբերաբար «օգնել»՝ թեթևացնելով նրա ծանրաբեռնվածությունը․ այսպիսով կվերականգնվի նաև մարդու հորմոնալ հավասարակշռությունը, կնվազի պիգմենտացիան, քանի որ լյարդը, մի շարք այլ գործառույթներից բացի, օրգանիզմից հեռացնում է նաև ավելորդ էստրոգենները, եթե, իհարկե, բնականոն է գործում։
Լյարդը ֆիլտրում ու մաքրում է մարդու արյունը, ուստի մարդու առողջությունը մեծապես կախված է նրանից, թե որքանով է առողջ նրա լյարդը․ եթե այն ամբողջությաբ կատարում է իր գործառույթները, դա դրական է ազդում նաև մարդու ինքնազգացողության ու նույնիսկ տրամադրության վրա։ Լյարդը մարդու օրգանիզմի դետոքսիկացիայի համար է պատասխանատու, և դրանով ամեն ինչ ասված է։
Ինչպե՞ս կարելի է մաքրել լյարդն ու դրանով իսկ պահպանել նրա առողջությունը
Տարբերակ առաջին՝ կարելի է շաբաթվա մեջ մեկ անգամ օրգանիզմը «բեռնաթափելու» կամ պահքի օր հայտարարել։ Այդ օրվա ընթացքում հարկավոր է միայն բանջարեղենից ու կանաչեղենից քամված հյութեր խմել՝ անսահմանափակ քանակով, սակայն չպետք է մոռանալ նաև սովորական ջրի մասին։
Ինչպե՞ս պատրաստել հյութերը։ Կան մի քան ունիվերսալ բաղադրատոմսեր
Լյարդը մաքրող և առողջացնող հյութերը պետք է պատրաստել հյութաքամիչի օգնությամբ։
Լյարդը մաքրող ըմպելիք պատրաստելու համար հարկավոր է միջին չափի երկու վարունգ, մեկ կապ մաղադանոս, նեխուրի երկու ցողուն կամ սամիթ, կես կիտրոնի հյութ, իսկ ամենավերջում՝ 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ։
Մեկ այլ տարբերակ՝ հարկավոր է մեկ մեծ վարունգ, մեկ տանձ, 150 գրամ բրոկոլի, մեկ լայմ, մեկ կապ անանուխ, ամենավերջում՝ 1 ճաշի գդալ ձիթապտղի կամ կտավատի յուղ։
Լյարդն առողջ պահող հյութ պատրաստելու համար հարկավոր է երկու միջին չափի վարունգ, մեկ խնձոր, նեխուրի մեկ ցողուն, կոճապղպեղի արմատ՝ 2-3 սմ, ամենավերջում՝ 1 ճաշի գդալ ձիթապտղի կամ կտավատի յուղ։
Դետոքսի՝ լյարդի վերականգնման և մաքրման համար կարելի է նաև 3-7 օր հատուկ սննդակարգի հետևել
Այդ օրերին պետք է բացառել կարմիր միսն ու թռչնամիսը, կիսաֆաբրիկատներն ու այլ պատրաստի սննդատեսակները, կաթնամթերքը, սոյան, իսկ միրգ հարկավոր է ուտել օրական երկու հատից ոչ ավելի։ Պետք է հրաժարվել նաև սուրճից, քաղցր թեյից, գազավորված ըմպելիքներից ու ոգելից խմիչքներից, սննդային հավելումներից։
Սննդակարգում հարկավոր է ներառել կանաչեղեն ու բանջարեղեն, հատկապես՝ կաղամբ, հատապտուղներ, ռուկոլա, բողկ, գրեյպֆրուտ՝ թուրինջ։
Նշված օրերին չպետք է մոռանալ խմել օրական երկու լիտր ջուր։ Գիշերային քունը 7 ժամից պակաս չպետք է լինի, 15-30 րոպե պետք է հատկացնել զբոսանքին, հարկավոր է հնարավորինս զերծ մնալ սթրեսից, ուտելիքը ծամել երկար, պրոթեիններ պարունակող մթերքն ուտել առավոտյան, իսկ երեկոյան նախապատվություն տալ բանջարեղենին ու ձավարեղենին։
«Բեռնաթափման» կամ դետոքսի օրերին հարկավոր է հնարավորինս քիչ կոսմետիկ միջոցներ օգտագործել, լոգանք ընդունելուց հետո մարմինը պետք է մերսել կոշտ խոզանակով կամ չոր սպունգով՝ նպաստելով, որ տոքսինները դուրս գան մաշկի միջով՝ այսպիսով թեթևացնելով լյարդի աշխատանքը։ Իսկ քնելուց առաջ, երեկոն պետք է անցկացնել հանգիստ մթնոլորտում՝ լսելով մեղմ երաժշտություն կամ կատարելով շնչառական վարժություններ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։