14/07/2022 09:59
«Հրապարակ». Մեծ վտանգներ կան՝ խաչիկցիները ահազանգում են, որ իրենց մոտ ուղղակի անտերություն է. ադրբեջանցիներն առևանգել են գյուղի մի բնակչի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Շաբաթներ առաջ Վայոց Ձորի Խաչիկ գյուղի տարածքից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանցիներն առևանգել են գյուղի մի բնակչի` 60-ամյա Աշոտ Խաչատրյանին։ Մոտ մեկ շաբաթ նրան իրենց մոտ պատանդ պահելուց հետո հետ են վերադարձրել։ Մեզ ասացին, որ նրա նկատմամբ նաև բռնություն է կիրառվել։
Ուշագրավ է, որ միջադեպի մասին պաշտոնական մարմինները լռում են, որևէ հաղորդագրություն չկա այն պատճառով, որ այս փաստը ցուցադրում է, որ, ի հեճուկս Փաշինյանի հավաստիացումների, թե հայ-ադրբեջանական սահմանները կահավորված են, ու պատշաճ վերահսկողություն է իրականացվում, շուտով այնքան խաղաղ է լինելու, որ սահմանին ոչ թե զինվորներ, այլ մի քանի սահմանապահ է կանգնելու, իրականում մեծ վտանգներ կան: Խաչիկցիները մեզ ահազանգել են, որ իրենց մոտ ուղղակի անտերություն է։ Խաչիկը մաս է կազմում Արենի խոշորացված համայնքին, որի ղեկավար Հուսիկ Սահակյանը մեզ ասաց, որ իրեն միջադեպից շատ բան հայտնի չէ։
«Իմացանք՝ մի օր կորել ա, մի օր էլ՝ հետ եկել, ես ավել բան չգիտեմ»,- ասաց նա։ Խաչիկ վարչական շրջանի ղեկավար Հովիկ Սմբատյանն էլ ասաց, որ խոսքն իրենց համագյուղացի, ամուրի Աշոտ Խաչատրյանի մասին է, և հրաժարվեց այլ հարցերի պատասխանել․ «Իրավապահներն արդեն զբաղվում են, ես ասելիք չունեմ։ Մենք լրագրողներից երևի ավելի շատ ենք վախենում, քան թուրքերից` խաչաձև հարցեր եք տալիս, խառնում եք սաղ իրար։ Իր անունը Խաչատրյան Աշոտ է, մնացածը՝ զանգեք ՊՆ-ին»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում