14/07/2022 11:38
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ զեկույց ներկայացնելու մասին լրացումը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված 121-րդ լրացումը, որով պահանջվում է ներկայացնել զեկույց Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ, հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
Լրացման հեղինակները կոնգրեսականներ Թոնի Կարդենասն ու Բրեդ Շերմանն են:
121-րդ լրացումը, մասնավորապես, պետդեպարտամենտից և պաշտպանական դեպարտամենտից պահանջում է ներկայացնել զեկույց, որում մանրամասն նկարագրված կլինի թե արդյոք Հայաստանի և Արցախի դեմ 2020 թվականին Ադրբեջանի կողմից կիրառված թուրքական անօդաչու թռչող սարքերում օգտագործված են եղել ամերիկյան արտադրության սարքավորումներ: Բացի այդ, զեկույցում պետք է ներկայացվեն Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սպիտակ ֆոսֆորի, կլաստերային ռումբերի ու այլ արգելված զինատեսակների կիրառման, պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ վարձկանների ներգրավման մասին տեղեկություններ:
Հայամետ մյուս լրացումները, որոնք ներկայացվել են Ազգային անվտանգության հատկացումների ակտին, քննարկման կդրվեն հուլիսի 14-ին: