14/07/2022 19:42
«Մանվել Գրիգորյանի համար ամենամեծ հարվածն այն եղավ, երբ նոյեմբերի 10-ի լուրը իմացավ․ դրանից հետո գիտակցության չեկավ․․․»․ Այսօր Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է
Այսօր Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ծննդյան տարեդարձն է։ Մանվել Գրիգորյան այսօր կդառնար 66 տարեկան։
Արշալույս գյուղի եղբայրական պանթեոնում նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են եկել ընտանիքի անդամները, Մանվել Գրիգորյանի մարտական ընկերները, քաղաքական գործիչներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ։
Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ գեներալը հայրենիքի համար տվել է ամենաթանկը և պատգամ է թողել՝ հայի դեմ հայ թշնամի չունենալ, ինչը, ցավոք, այսօր չի կատարվում․
«Պատերազմի օրերին Մանվել Գրիգորյանի հետ Արցախում էին տղան, անչափահաս թոռը՝ կրող Մանվել անունը, մյուս թոռը, որը ծառայություն էր իրականացնում Արցախում։ Այն օրերին, երբ Շուշիի եկեղեցին գնդակոծվում էր, Նազիկ Ամիրյանը մարտական գործողության էր մասնակցում՝ ավտոմատը ձեռքին։ Այսօր այս մարդկանց ավանդը չգնահատել, չհասկանալ, նշանակում է՝ գնալ հայրենիքը կորցնելու ճանապարհով։
Մանվել Գրիգորյանի համար ամենամեծ հարվածն այն եղավ, երբ մենք նոյեմբերի 10-ի լուրը տվեցինք․ դրանից հետո նա գիտակցության չեկավ․․․»։
Անդրադառնալով 2018 թվականին Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքներին, փաստաբանն ընդգծել է՝ «զինվորի սնունդ» անվան տակ նրան մեղսագրվող արարքները սին են, իսկ կեղծ մեղադրանքները շահարկողները պիղծ մղումներով են առաջնորդվել։
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թվականին, նրա առողջական վիճակն աստիճանաբար վատթարացել էր, վիճակն առավել վատացել էր հատկապես Արցախը հանձնելու մասին լուրին տեղեկանալուց հետո։ 2020 թվականի նոյեմբերի 19-ին գեներալ-լեյտենանտը մահացել է հիվանդանոցում:
Մանվել Գրիգորյանին և նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաև ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի յուրացման համար):
Օրենքի ուժով, երբ անձը մահանում է, գործը կարճվում է, բայց հաշվի առնելով գործի հնչեղությունը՝ պաշտպանական կողմը միջնորդել է, որպեսզի գործը քննվի մինչև վերջ՝ արդարացման հիմքով։