14/07/2022 15:04
Թույլ տվեք միանգամից հերքել. Հրաչյա Ռոստոմյանն անդրադարձել է Գոռ Մինասյանի՝ Բահրեյն տեղափոխվելու մասին լուրերին
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն անդրադարձել է ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանի հնարավոր տեղափոխությանն այլ երկիր:
«Նախ՝ թույլ տվեք միանգամից հերքել Ծանրամարտի ֆեդերացիայի կողմից մեր ծանրորդներից մեկի՝ այլ երկրի ծանրամարտի հավաքականին «փոխանցելու» իրավունքը:
Խնդիրը կայանում է հետևյալում՝ մրցակարգի համաձայն Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում ամեն երկիր նույն քաշային կարգում կարող է ներկայանալ երկուական մարզիկով: Ի ուրախություն մեզ՝ մենք գերծանր քաշային կարգում ունենք գրեթե հավասարազոր ուժերի և հնարավորությունների երեք տիտղոսակիր մարզիկներ՝ Վարազդատ Լալայան, Գոռ Մինասյան և Սիմոն Մարտիրոսյան:
Նման պարագայում մարզիկներից մեկը կա՛մ պիտի փոխի քաշային կարգը, ինչը գրեթե անհնար է, կա՛մ ավարտի կարիերան: Ստեղծված իրավիճակում լավագույն ելքը ծանրորդի համար, որպեսզի ազգային ֆեդերացիան թույլատրի նրան՝ հանդես գալ այլ երկրի հավաքականում՝ շանս ընձեռելով մարզիկին շարունակել իր կարիերան:
Այժմ դեռ շատ վաղ է հնչեցնել անուններ, քանզի այս աշնանը անցկացվող ուսումնամարզական հավաքից հետո միայն գերծանր քաշային կարգում հանդես եկող մարզիկների անհատական ցուցանիշների հիման վրա պարզ կդառնա 3-րդ տեղը զբաղեցնող մարզիկի անուն-ազգանունը: Եվ միայն դրանից հետո մարզիկն ու Ծանրամարտի ֆեդերացիան կքննարկեն մարզիկի՝ այլ հավաքականում հանդես գալու իրավունքը», - «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ռոստոմյանը: