15/07/2022 09:12
«Հրապարակ». ՔՊ-ն ընդդիմության հարցով որոշում չի կայացնի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ օրենքի պահանջով ԱԺ խորհրդի արտահերթ նիստ գումարվեց, որի օրակարգում ընդդիմադիր 33 պատգամավորներին մանդատից զրկելու հարցն էր դրված։ ՔՊ-ական մեծամասնությունը պետք է որոշեր՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով դիմե՞լ Սահմանադրական դատարան, թե՞ ոչ։ Օրենքը պահանջում է, որ նիստին ներկայանան այն պատգամավորները, որոնց հարցը քննվելու է, եթե չեն ներկայանում, նիստը հետաձգվում է մեկ շաբաթով, ապա երկրորդ անգամ քննարկվում է նրանց բացակայությամբ։ Ընդդիմադիրները երեկ չէին ներկայացել նիստին, ուստի այս հարցը կքննարկվի 1 շաբաթ հետո։ Սակայն իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ն, ըստ ամենայնի, ընդդիմության հարցով որոշում չի կայացնի, չնայած խմբակցությունում կա ռադիկալ թև, որը պահանջում է առնվազն 10-15 պատգամավորի զրկել մանդատից։
Բանն այն է, որ վերջերս ԱԺ ՔՊ խմբակցությունում քննարկել են ընդդիմադիրների պաշտոնազրկման և մանդատազրկման հարցերը։ Պաշտոններից զրկելու հարցում միասնական են եղել, իսկ մանդատների հարցով որոշում չի ընդունվել․ խմբակցության մեծ մասը դեմ է եղել մանդատից զրկելու գործընթացին՝ համարելով, որ, նախ, միջազգային կառույցների կողմից լավ չի ընկալվի իրեն ժողովրդական բաստիոն հռչակած իշխանության այս քայլը, երկրորդ՝ կասկածներ են ունեցել, որ ՍԴ-ն կհամարի, որ ընդդիմադիրները քաղաքական գործունեությամբ են զբաղվել՝ խորհրդարանից դուրս, ուստի դա կդիտարկեն քաղաքական բոյկոտ և կմերժեն իրենց դիմումը։ Ըստ էության, այսօր քննարկվում է՝ ԱԺ-ն հիմնա՞րկ է, թե՞ քաղաքական մարմին։ Եթե հիմնարկ է, ուրեմն աշխատանքից բացակայած աշխատողները կարող են ազատվել աշխատանքից։ Եթե քաղաքական մարմին է՝ բոյկոտը քաղաքական պայքարի ամենաընդունված ձևերից է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում