15/07/2022 11:50
Հայաստանը ծրագրում է դիվանագիտական գրասենյակ բացել Կիպրոսում
2023 թվականին Հայաստանը ծրագրում է դիվանագիտական գրասենյակ բացել Կիպրոսում, այս մասին հայտարարել է Կիպրոսում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Կիպրոսի Հանրապետության հանրային ՌԻԿ հեռուստաընկերության լուրերի գլխավոր թողարկման ընթացքում անդրադարձ է եղել դեսպան Տիգրան Մկրտչյանի՝ Կիպրոսի Հանրապետություն կատարած առաջին պաշտոնական այցին, ինչպես նաև հեռուստաընկերության տնօրինության և տնօրենների խորհրդի նախագահ Միխալիս Միխաիլի հետ հանդիպմանը:
Նշվում է, որ հեռուստաընկերության տնօրինության և տնօրենների խորհրդի նախագահ Միխալիս Միխաիլի հետ հանդիպման ժամանակ դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա են երկարամյա սերտ հարաբերություններ՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում հնարավորություն կընձեռնվի փոխադարձության սկզբունքով դիվանագիտական ներկայացուցչություններ բացել երկու երկրների մայրաքաղաքներում՝ Երևանում և Նիկոսիայում:
Դեսպանը նշել է նաև, որ գալիք տարի ՀՀ-ը ծրագրում է դիվանագիտական գրասենյակ բացել Կիպրոսում, որը կներկայացվի հայ դիվանագետի կողմից՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում նաև Կիպրոսը դիվանագիտական գրասենյակ կբացի Հայաստանում:
Դեսպանն անդրադարձել է նաև եռակողմ ձևաչափով Կիպրոս-Հայաստան-Հունաստան համագործակցությանը՝ նշելով, որ այդ համագործակցության շրջանակներում տարբեր ոլորտներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ՝ ինչպես օրինակ ռազմական, քաղաքական, սփյուռքի ոլորտներում՝ հույս հայտելով, որ այդ համագործակցության շրջանակներն էլ ավելի կընդլայնվեն:
Դեսպան Մկրտչյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Կիպրոսի Հանրապետությանը՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար:
ՌԻԿ հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Միխալիս Միխաիլը նշել է, որ ջանքեր են գործադրվելու Հայաստանի հետ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու և խորացնելու նպատակով, ներառյալ լուրերի և տեղեկատվության ոլորտում համագործակցությունը և հավելել, որ ՌԻԿ-ը նաև ամենօրյա ռադիոհաղորդումներ է հեռարձակում հատուկ կիպրահայերի համար:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Կիպրոսի ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը: