15/07/2022 17:27
Սարաջյանի գինու-կոնյակի գործարանի վերականգնման համար մինչ օրս բարերար չի գտնվել. ԿԳՄՍՆ
Aysor.am-ը Սարաջևի գինու-կոնյակի գործարանի հուշարձանախմբի վերականգնման կարևորության թեմայով մի շարք հարցերով դիմել է ԿԳՄՍ նախարարություն։
Հարցերին պատասխանել են նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունից։
- Ի՞նչ մշակութային արժեք է իրենից ներկայացնում 19-րդ դարի թվագրվող Սարաջևի գինու-կոնյակի գործարանի հուշարձանախումբը։
- 1894 թ. կառուցված Դավիթ Սարաջյանի գինու-կոնյակի գործարանն ընդգրկված է Երևան քաղաքի Կենտրոն համայնքի վարչական տարածքի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում (պետ. Ցուցիչ` 1.6.200.7)' որպես տեղական նշանակության հուշարձան:
- Որքա՞ն կարևոր է դրա վերականգնումը՝ որպես պատմամշակութային արժեք ներկայացնող շինություն։
- Ցանկացած հուշարձանի վերականգնում կարևոր է: Համաձայն «Պատմության և մշակույթի հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` «Տեղական նշանակության կարգին են դասվում հանրապետության որևէ տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը, տեղական առանձնահատկությունները բնութագրող հուշարձանները», ինչից հետևում է, որ նշյալ հուշարձանն արժևորված է առաջին հերթին որպես Երևան քաղաքի պատմության և մշակույթի առկա վկա ու արժեք:
- Ինչքանո՞վ կնպաստի Սարաջևի գինու-կոնյակի գործարանի հուշարձանախմբի ռեստավրացիան մայրաքաղաքի տուրիստական հոսքերին։ Արդյոք այն հետաքրքրություն ներկայացնող օբյե՞կտ է Երևան այցելող զբաոսաշրջիկների շրջանում։
- ՀՀ ԿԳՄՍ նախարարության լիազորություններից դուրս է զբոսաշրջային հոսքերի հաշվարկներ և մշտադիտարկում կատարելը, այնուամենայնիվ, կարծում ենք, որ այն չվերականգնված վիճակում էլ կարող է ընդգրկվել Երևանի զբոսաշրջային երթուղիներում և դառնալ այցելվող զբոսաշրջային վայր: Համաձայն վերոգրյալ օրենքի 11-րդ հոդվածի Գ ենթակետի` տեղական ինքնակառավարման մարմինները սահմանված կարգով կազմակերպում են տեղական նշանակության հուշարձանների պահպանությունը (ամրակայում, նորոգում, վերականգնում, տարածքի բարեկարգում), ինչը նշանակում է, որ համապատասխան գիտանախագծային փաստաթղթերը մշակելուց հետո դրանք պետք է ներկայացնել լիազոր մարմնի (ՀՀ ԿԳՄՍ նախարարություն) համաձայնեցմանը:
- ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը Aysor.am-ի հետ նախորդ հարցազրույցում նշել էր, որ եթե հայտնվեն մասնավոր ներդրողներ, բարերարներ, ովքեր կվերականգնեն հուշարձանախումբը, նախարարությունը միայն ուրախ կլինի, և նախարարությունն այդպիսի հնարավորություններ, իրոք, փնտրում է։ Արդյոք այս ընթացքում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող բարերարներ գտնվե՞լ են։
- ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տարբեր բարերաների հետ տարբեր հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման վերաբերյալ կնքել է հուշագրեր պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում, որը նաև ՀՀ կառավարության հանձնարարականն է: Այս գործընթացը շարունակական է, սակայն մինչ օրս Դ. Սարաջյանի գինու-կոնյակի գործարանի վերականգնման համար բարերար չի գտնվել: Բարերար հայտնվելու դեպքում նախարարությունը սերտ համագործակցում է վերջիններիս հետ` տրամադրելով թե մասնագիտական խորհրդատվություն, թե անվճար հիմունքներով արխիվային նյութեր կամ, առկայության դեպքում, նաև գիտանախագծային փաստաթղթեր:
- Կա՞ հաշվարկված հստակ գումարի չափ, որն անհրաժեշտ է Սարաջևի գինու-կոնյակի գործարանի հուշարձանախմբի վերականգնման շինաշխատանքների համար։
- Համաձայն սահմանված կարգի՝ հուշարձանի ուսումնասիրման և չափագրման աշխատանքներից հետո վերականգնող ճարտարապետը մշակում է էսքիզային նախագիծ, ինչից հետո հնարավոր է կազմել տվյալ հուշարձանի վերականգնման ծավալաթերթն ու նախահաշվային գումարը:
- Խնդրում ենք նաև տրամադրել գործարանի լուսանկարները կամ այլ արխիվային նյութեր, եթե այդպիսիք Ձեր տրամադրության տակ առկա են։
- ՀՀ ԿԳՄՍ նախարարության արխիվային փաստաթղթերը պահպանվում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում, սակայն մեր հարցմանն ի պատասխան` պարզ դարձավ, որ նշյալ հուշարձանին վերաբերող արխիվային նյութեր առկա չեն:
P.S Հիշեցնենք, որ Aysor.am լրատվական կայքի խմբագրությունը տեղակայված է Երևան քաղաքի Խորենացու 34բ հասցեում գտնվող Սարաջևի գինու գործարանի հարևանությամբ։
19-րդ դարի թվագրվող Սարաջևի գինու-կոնյակի գործարանի՝ մեր օրեր հասած պատի մի հատվածը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2021 թվականի նոյեմբերի 27-ին փլուզվել է և առ այսօր վերականգնված չէ։