16/07/2022 18:11
Նարեկ Մանթաշյանին նորմալ բուժում է անհրաժեշտ․ միջնորդել ենք փորձաքննություն նշանակել, անտեսվել է․ փաստաբան
«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանն ունի առողջական լուրջ խնդիրներ և նորմալ բուժման կարիք, լրագրողների հետ զրույցում ասել է Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Ինսուլային կախվածությունն արդեն հասել է 100 միլիգրամի, սա սարսափելի բարձր է, կառավարության որոշումներով 60 միլիգրամ ինսուլինային կախվածությունը արդեն իսկ համարվում է կալանավորման հետ անհամատեղելիություն»,- ընդգծել է փաստաբանը։
Ալեքսանդր Կոչուբաևը մտահոգություն է հայտնել դատարանի անգործությունից։
«Արդեն մեկ ամիս է՝միջնորդել ենք, որ դատավոր Ֆարխոյանն արտահերթ նիստ հրավիրի և քննարկի փորձաքննություն նշանակելու մեր միջնորդությունը, որն, ըստ էության, անտեսվել է։ Եվ բոլոր դեպքերում, երբ մենք խափանման միջոցի փոփոխման կամ վերացման հարց ենք բարձրացնում, դատավորն անընդհատ գրում է, որ հիվանդությունը դեռևս չի հասել այն աստիճանի, որ կալանքի հետ անհամատեղելիություն առաջացնի»,- ասել է նա։
Փաստաբանի խոսքով՝ Նարեկ Մանթաշյանը, շաքարային դիաբետից բացի, ունի սրտի, երիկամների, ստամոքսի, լյարդի հետ կապված խնդիրներ․ ՔԿՀ-ից պաշտպանական խումբը բողոքներ չունի, սակայն առկա է ռեսուրսի խնդիր․ քաղաքացիական հիվանդանոցում Մանթաշյանին նշանակված դեղերը ՔԿՀ-ում չկան։