16/07/2022 20:05
Երիկամների ինֆեկցիոն բորբոքում. ախտանշանները, առաջացման պատճառները
Երիկամների բորբոքում՝ պիելոնեֆրիտ կարող է զարգանալ միզարձակման համակարգի ցանկացած հատվածի բորբոքումից, դեպքերի մեծ մասի պատճառն աղիքային ցուպիկն է։ Հիվանդությունը դրսևորվում է հաճախամիզությամբ, արյումանիզությամբ, որովայնի ստորին հատվածում և գոտկային շրջանում ցավերով, երբեմն հնարավոր են բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխումներ, սարսուռ։
Պիելոնեֆրիտը բաժակաավազանային համակարգի ոչ սպեցիֆիկ, ինֆեկցիոն բորբոքային հիվանդություն է, որ ունի տարածման երկու ուղի՝ միզուղիներից, միզապարկից, միզուկից երիկամ բարձրացող և հեմատոգեն, երբ արյան մեջ կա որևէ բորբոքային, ինֆեկցիոն վարակ, որ շրջանառելով երիկամի անոթներով, կարող է առաջացնել երիկամի բորբոքում։
Տարբերակում են առաջնային՝ ոչ օբստրուկտիվ և երկրոդային՝ օբստրուկտիվ։ Վերջինի դեպքում երիկամների և միզուղիների կառուցվածքային փոփոխություններ կան։ Ոչ օբստրուկտիվը պայմանավորվում է երիկամների ինֆեկցման հեմատոգեն ուղիով, միզածորանի անցանելիությունը խանգարված չէ։
Խցանման դեպքում կա ցավային ախտանիշ, միզարձակման խանգարում։ Խցանում չունենելու դեպքում՝ գոտկային շրջանում բութ ցավ, ջերմության բարձրացում, սառը քրտինք, ցավոտ միզարձակում։
Հիվանդությունն ունի տարիքային և սեռային առանձնահատկություն. առավելապես խոցելի են կանայք, տարիքային պիկը մանկահասակ աղջիկ երեխանբերի դեպքում պայմանավորվում է անատոմիական առանձնահատկություններով։ Երկրորդ պիկը կանանց վերարտադրողական տարիքն է՝ պայմանավորված հորմոնալ փոփոխություններով։
Որևէ դեպքում ինքնաբուժությամբ չի կարելի զբաղվել, ոչ ճիշտ բուժումը կարող է անդառնալի բարդությունների պատճառ դառնալ, հանգեցնել սեպտիկ շոկի։
Բուժումը միայն մեզի հետազոտության հիմամբ չի կարելի կատարել, պարտադիր է նաև ներքին օրգանների սոնոգրաֆիան։
Հիվանդության կանխարգելումը ենթադրում է ադեկվատ քանակի հեղուկի օգտագործում, ինչպես նաև միզուղիների վարակի ժամանակին բուժում, հիգիենայի պահպանում։ Կարևոր է նաև իմունային համակարգը խթանելը, քանի որ իմունիտետի անկումն էլ կարող է հիվանդության զարգացման պատճառ դառնալ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։