16/07/2022 16:11
Պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական մարզաձևից Հայաստանը համաշխարհային կոնգրես կհյուրընկալի
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) առաջիկա արտահերթ կոնգրեսը կկայանա Հայաստանում։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Ալժիրում կայացած նիստի ընթացքում քվեարկության է դրվել առաջիկա ընդլայնված կոնգրեսն անցկացնելու վայրի ընտրության հարցը։
Հավակնող երկրներն էին Հայաստանը, Թուրքիան և Նիդերլանդները։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հաղթել է բացահայտ առավելությամբ։
17 քվեարկողներից 15-ը նախապատվությունը տվել են Հայաստանին։ Նման ընտրությունը IBA-ն և քվեարկությանը մասնակցած անձիք բացատրել են նրանով, որ համաշխարհային բռնցքամարտի ընտանիքում կտրուկ բարձրացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հեղինակությունը, իսկ վերջերս ամենաբարձր մակարդակով անցկացված Եվրոպայի առաջնությունը դրա վառ ապացույցն էր։
«Այսպիսով պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական մարզաձևից Հայաստանը կնդունի համաշխարհային կոնգրես։ Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում Երևան կժամանի համաշխարհային բռնցքամարտի ամբողջ էլիտան։ Սպասվում է մոտ 200 երկրի ավելի քան 400 ներկայացուցչի մասնակցություն»,-ասված է հաղորդագրությունում։
Կոնգրեսի ընթացքում քննարկվող հարցերից գլխավորը լինելու է IBA-ի նախագահի նոր ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցը։ ՄՕԿ-ը կամայականորեն չի ընդունել IBA-ի նախագահի վերջերս կայացած ընտրությունը` նշելով, որ առկա են եղել խախտումներ` մինչդեռ բռնցքամարտի միջազգային կառույցը պնդում է, որ ընտրություններն անցկացնելիս առաջնորդվել են հստակ կանոնադրությամբ։