16/07/2022 19:27
Կարմրուկ. հիվանդության փուլերը, ախտանշանները, բուժումը
Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, առաջին օրերին խիստ յուրահատուկ ախտանշաններով չի դրսևորվում։ Հիվանդությունն ընթանում է չորս փուլով. ինկուբացիոն շրջանն 9-ից 11 օր է, երբեմն 7-ից 21, ինկուբացիոն շրջանին հաջորդում է նախանշանային փուլը՝ հարբուխ, քթային արտադրություն, ախորժակի վատթարացում, չոր հազ։
Առաջին օրը ցանավորվում են ականջախեցիների հետին հատվածները, դեմքը, պարանոցը, կրծքավանդակի վերին մասը, երկրորդ օրը իրանի մնացած հատվածները, երրորդ օրը՝ վերջույթները։
Կարմրուկի դեպքում բորբոքվում են լորձաթաղանթները, ջերմությունը կարող է բարձրանալ 39-ից 40 աստիճան, ինքնազգացողությունը վատթարանում է։ Կանխարգելման արդյունավետ տարբերակը պատվաստումն է։
Հիվանդությունը տարածվում է միայն հիվանդ մարդու միջոցով՝ օդակաթիլային ճանապարհով, վարակելիությունը հարյուր տոկոս է, եթե պատվաստված չեն։
Հիվանդը վարակիչ է դառնում ինկուբացիոն շրջանի վերջին երկու օրվանից սկսած։
Հիվանդությունը սկսվում է ինֆեկցիոն ընդհանուր ախտանշաններով՝ բարձր ջերմություն, հարբուխ, աչքերի բորբոքում, լուսավախություն, սկզբնական շրջանում որևէ հատուկ նշան չկա, դա է պատճառը որ ցանկացած ինֆեկցիոն հիվանդության դեպքում խրախուսվում է մեկուսացումը։ Քանի որ օրինակ կարմրուկի դեպքում մինչև ցանի արտահայտվելը, հիվանդությունը հասցնում է շատերին վարակել։
Հիվանդությունը հիմնականում ունենում է բարվոք ընթացք, թիրախում շնչական համակարգն է։ Միջին ծանրության և ծանր ընթացքով կարմրուկի դեպքում օգտագործում են հակաբակտերիալ բուժում։
Բուժումը ենթադրում է վիրուսի ֆոնին դրսևորվող բակտերիալ վարակների, բարդությունների հաղթահարում։ Վերին շնչուղիների լորձաթաղանթը խոցելի է դառնում, բակտերիալ ինֆեկցիաները անխուսափելի են դառնում։
Հազվադեպ դրսևորվող ամենածանր բարդությունը գլխուղեղի բորբոքումն է, որ կարող է մահվան պատճառ դառնալ։
Հիվանդության դեպքում խիստ կարևոր է մեկուսացման, հիգիենայի կանոնների պահպանումը, օդափոխումը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։