16/07/2022 19:41
«Թուրքիան անդունդն է գլորվում»․ Դավութօղլուն ու Բաբաջանը քննադատել են Էրդողանին
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և էկոնոմիկայի նախկին նախարար Ալի Բաբաջանը քննադատել են գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի վարած տնտեսական քաղաքականությունն ու զգուշացրել՝ Թուրքիային սնանկացում է սպառնում։ Այս մասին նրանք գրառումներով են հանդես եկել սոցցանցի իրենց էջերում։
«Մեր թիմն արդեն երկրորդ ամիսն է՝ զգուշացնում է սնանկացման վտանգի մասին։ Դուք երկիրը կհասցնեք մի վիճակի, երբ այլևս հնարավոր չի լինի նավթ, բնական գազ, դեղորայք ձեռք բերել։ Անհապաղ վերջ տվեք անգրագետ վարքին ու համառությանը»,- գրել է Դավութօղլուն Twitter-ում։
Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Ալի Բաբաջանն էլ կարծիք է հատնել, որ իրենց երկրի տնտեսությունը ծայրահեղ վատ վիճակում է։
«Կառավարությանը կրկին կոչ եմ անում շտապ քայլեր ձեռնարկել․ երկիրն անդունդն է գլորվում․ ցանկացած պահի կարող է հայտնվել դեֆոլտի ու սնանկացման անդունդում»,- գրել է Բաբաջանը։