18/07/2022 19:19
Կերատոկոնուս. ախտանշանները, առաջացման պատճառները, բուժումը
Կերատոկոնուսը եղջերաթաղանթի քրոնիկ հիվանդություն է, որի դեպքում եղջերաթաղանթը բարակում է, ապա արտափքվում՝ հանգեցնելով տեսողության սրության իջեցման։
Հիվանդությունը սովորաբար հայտնաբերվում է դեռահասների մոտ, հաճախ մինչև 30 տարեկանը։ Հիվանդությունը կարող է դանդաղ զարգանալ տարիների ընթացքում։
Կերատոկոնուսի առաջացման պատճառներն են՝
• ժառանգականությունը
• արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը
• աչքում քրոնիկ ինֆեկցիաները
• աչքի վնասվածքները
• կարող է դիտվել նաև որոշ համակարգային հիվանդությունների դեպքում (Դաունի համամախտանիշ, նեյրոֆիբրոմատոզ, շաքարային դիաբետ և այլն)
Հիվանդությունը բնորոշվում է ծանրության չորս աստիճանով. առաջինը հիվանդության զարգացման սկզբնական փուլն է, չորրորդը ծանրագույն վիճակն է, երբ կա եղջերաթաղանթի թափածակման վտանգ։
Կերատոկոնուսի ախտանշանները՝
• տեսողության սրության իջեցում
• պատկերների աղավաղում
• ակնոցի հաՃախակի փոխելու կարիք (քանի որ աստիճանաբար մեծանում է կարճատեսության և աստիգմատիզմի չափը)
• լուսավախություն
• ցավ աչքերում
Ախտորոշման հաստատման համար անհրաժեշտ է տեսողության սրության որոշում, կարճատեսության և աստիգմատիզմի չափի տվյալներ (ավտոռեֆրակտոմետրիա), եղջերաթաղանթի հաստության և մակերևույթի մասին տվյալներ (կերատոպախիմետրիա, կերատոտոպոգրաֆիա)։
Բուժման մեթոդներն են կրոսս-լինկինգը, եղջերաթաղանթում ստրոմալ օղերի տրանսպլանտացիան և եղջերաթաղանթի տրանսպլանտացիան (կերատոպլաստիկա)։
Կերատոկոնուսը տարածված հիվանդություն է, վաղ հայտնաբերումը նպաստում է բուժման արդյունավետությանը, բարդությունների՝ եղջերաթաղանթի մթագնման, թափածակման կանխարգելմանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։