18/07/2022 21:09
Ի՞նչ կարող է պատմել լեզուն մարդու առողջության մասին
Լեզուն ունակ է արտացոլել գրեթե բոլոր օրգանների վիճակը, մարդու ֆիզիկական և հուզական առողջությունը:
Գերազանց առողջության ցուցանիշ է գունատ վարդագույն լեզուն՝ հարթ մակերեսով, որը բաղկացած է համի և հպման փոքրիկ ընկալիչներից։ Չափահաս մարդն ունի մոտ 10000 համային բշտիկներ, որոնց շնորհիվ մենք ճանաչում ենք քաղցր, թթու, աղի և դառը համերը։
Լեզվի լորձաթաղանթը կարող է չորանալ ջրազրկման, տենդի, աղիքային խանգարման, շաքարախտի և այլ պատճառներով։ Խոնավության մեծ կորուստը հանգեցնում է ճաքերի առաջացման։ Իսկ եթե չորության զգացումն ուղեկցվում է դառնությամբ, ապա խաթարվել է լեղու արտազատումը։
Լեզվի բորբոքված լորձաթաղանթը խոր ակոսներով և ռելիեֆներով հաճախ հանդիպում է երեխաների մոտ, որը սննդային ալերգիայի, իսկ մեծահասակների մոտ՝ ստամոքս-աղիքային տրակտի քրոնիկական ախտահարման նշան է:
«Լաքապատ» լեզուն առաջանում է համի բշտիկների ատրոֆիայի պատճառով։ Այս դեպքում օրգանը ձեռք է բերում փայլուն, հարթ, վառ կարմիր մակերես։ Որոշ հիվանդությունների դեպքում պապիլյաների թիվն այնքան է նվազում, որ դրանք դառնում են գրեթե անտեսանելի։ Սա կարող է վկայել ստամոքսի քաղցկեղի կամ քրոնիկ կոլիտի մասին:
Լեզվի կողային մակերեսների վրա թիթեղները կարող են առաջանալ ՄԻԱՎ վարակի առկայության դեպքում:
Լեզվի գույնը ևս կարող է խոսել մի շարք հիվանդությունների մասին՝
Բոսորագույն. Ազդանշան թունավորման, ծանր վարակիչ հիվանդությունների կամ թոքաբորբի մասին։
Կարմիր. Կարող են լինել սրտի և թոքային համակարգերի խանգարումներ կամ արյան հիվանդություններ:
Մուգ կարմիր. Խոսում է երիկամների ծանր, թունավոր խանգարումների մասին։
Կապտավուն. Ցույց է տալիս արյան շրջանառության հետ կապված խնդիրները։ Կապտավուն երանգը, հատկապես լեզվի ստորին մակերեսին, կօգնի սրտի քրոնիկական անբավարարությամբ տառապող տարեցներին ժամանակին միջոցներ ձեռնարկել և կանխել սրտի կաթվածը:
Մանուշակագույն. Արյան և թոքերի լուրջ հիվանդություններ։
Շատ գունատ լեզու. Սա անեմիայի և մարմնի հյուծվածության նշան է։ Նաև լեզվի ստորին մասի գունատ գույնը կարող է վկայել լեղապարկի և լյարդի պաթոլոգիայի մասին:
Դեղին. Ցույց է տալիս մարսողական համակարգի խանգարումները։
Կեղտոտ շագանակագույն. Հաճախ հանդիպում է ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի քրոնիկ հիվանդությունների ժամանակ։ Շատ դեպքերում դա ցույց է տալիս քրոնիկական գաստրիտի սրացում:
Սև. Մարսողական համակարգի (հատկապես լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի) խանգարումների ախտանիշ։ Ընդ որում, նման երանգավորումը կարող է առաջանալ Քրոնի հիվանդության պատճառով։
Նման ցայտուն ախտանշանների դեպքում, մասնագետները խորհուրդ են տալիս միանգամից դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժությամբ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։