18/07/2022 20:25
Սննդային թունավորում երեխաների մոտ. Ի՞նչ անել
Սննդային թունավորումների առաջացման պատճառները կարող են շատ տարբեր լինել, սակայն դրանք հիմնականում բաժանվում են մի քանի խմբի՝
Վարակներ. նախակենդանիներ, բակտերիաներ, վիրուսներ
Կենդանիների մսի մեջ կամ բույսերում պարունակվող տոքսիններ. թունավոր սնկեր, ուտելու համար չնախատեսված կամ սխալ պատրաստված միս և այլն
Նյութեր, որոնցով մշակվում է սննդամթերքը կամ որոնք պարունակվում են մթերքում
Սննդային թունավորման առաջին ախտանշանները մեծ մասամբ ի հայտ են գալիս ուտելու համար ոչ պիտանի սննդամթերքն օգտագործելուց հետո՝ 48 ժամվա ընթացքում: Որպես կանոն այդ դեպքում ախտահարվում է աղեստամոքսային համակարգը և ի հայտ են գալիս սրտխառնոց, փսխում, փորլուծություն ու որովայնային ցավեր:
Սննդային թունավորման դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկի օգնությանը, եթե.
ախտանշաններն ուղեկցվում են մարմնի բարձր ջերմաստիճանով,
ախտանշանները պահպանվում են 2 օրից ավել,
ախտանշաններն ի հայտ են եկել ընտանիքի մի քանի անդամների մոտ
թունավորման աղբյուրը կամ ենթադրյալ աղբյուրը սնկերն են,
երեխան չի կարողանում հեղուկ խմել, քանի որ փսխում է,
աչքերի առջև պատկերը երկակի է դառնում,
մարդու խոսքն անհասկանալի է դառնում,
հիվանդը չի կարողանում կուլ տալ սնունդը,
ի հայտ է եկել մկանային թուլություն,
մաշկը կամ լորձաթաղանթները ձեռք են բերել դեղնավուն երանգ,
նկատվում է հոդերի ուռածություն,
առաջացել է մաշկային ցան,
մարդը 6 ժամից ավել չի միզել կամ մեզն ունի չափազանց մուգ գույն,
կղանքի կամ փսխած զանգվածի մեջ արյուն է նկատվում:
Սննդային թունավորումների դեպքում երեխային չի կարելի սնունդ տալ: Նա պետք է հնարավորինս շատ ու հաճախ մարմնի ջերմաստիճանին մոտ հեղուկ ընդունի: Եթե երեխան հրաժարվում է խմել առաջարկված հեղուկը, ապա հարկավոր է տալ այն, որին նա դեմ չի լինի: Սակայն պետք է հնարավորինս թափանցիկ հեղուկներ ընտրել, իսկ հյութերին ջուր ավելացնել:
Սննդային թունավորումը կանխարգելելու նպատակով, երեխային հարկավոր է սովորեցնել հետևել անձնական հիգիենայի տարրական կանոններին (լվանալ ձեռքերն ուտելուց առաջ, զուգարան այցելելուց հետո, զբոսանքից վերադառնալիս և այլն):
Հարկավոր է հետևել սննդի պատրաստման ժամանակ օգտագործվող սպասքի և այլ պարագաների մաքրությանը:
Սնունդը պատրաստելուց առաջ, այդ ընթացքում և դրանից հետո լվանալ ձեռքերը:
Եթե ձեռքերի վրա կան վերքեր, ապա մինչ սնունդը պատրաստելը հարկավոր է վիրակապել վնասվածքը: Որպես այլընտրանքային տարբերակ կարելի է օգտագործել ռետինե ձեռնոցներ:
Սպասքը լվանալու համար օգտագործվող սպունգը հարկավոր է հնարավորինս հաճախ փոխել, քանի որ այն կարող են դառնալ բակտերիաների աղբյուր ու դրանց կուտակման վայր:
Խոհանոցում անհրաժեշտ է օգտագործել մեկանգամյա օգտագործման համար նախատեսված սրբիչներ:
Սննդամթերքը պարտադիր է ճիշտ ջերմային մշակման ենթարկել: Հատկապես մանրակրկտորեն եփել կամ տապակել միսը և թռչնամիսը:
Շատ կարևոր է նաև պարբերաբար սառնարանի ու սառցարանի ջերմաստիճանները ստուգելը: Սննդամթերքն անհրաժեշտ է պահել միայն դրա համար նախատեսված տարրաներում:
Մինչ սննդամթերքը գնելը, պատրաստելն ու օգտագործելը հարկավոր է անպայման ստուգել դրա պիտանելիության ժամկետը: Հատկապես ուշադիր պետք է լինել մսի, ձկան ու հավկիթի հարցում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։